Եվրո 2020. Խումբ «A». Ուելս — Շվեյցարիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Երկար սպասված Եվրոյի երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում և թերևս միայն այս փաստն ընդգծում է՝ թե որքան անսովոր մրցաշարի ենք ականատես լինում ու լինելու: Առաջին հանդիպումն ընդունեց Հռոմը և Իտալիան իր խփած գոլերով զարդարեց բացման խաղը: Ինչպես կզարգանան իրադարձությունները «Օլիմպիկոյից» շատ հեռու, կիմանանք ժամեր անց: Փորձագետներից շատերը չեն հավատում, որ Ուելսն ու Շվեյցարիան կանցկացնեն դարի հանդիպում: Չեն հավատում նաև բուքմեյքերները և քիչ հավանական են համարում, որ մրցավեճում կխփվի առնվազն երեք գոլ:

Կողմերն առաջին հերթին շեշտը դնում են թիկունքում հուսալի խաղի վրա և այս մասով կարելի է հասկանալ, թե ինչու են մասնագետներն ու բուքմեյքերներն իրենց կանխատեսումներում խոսում ոչ գոլառոտ ֆուտբոլի մասին: Մյուս կողմից, ֆուտբոլը ոչ մեկ անգամ է հաճելի անակնկալներ մատուցել գոլերի տեսքով:

Հաշվետու մրցավեճում շվեյցարացիների հնարավոր հաղթանակին շատերն են սպասում: Նրանք հինգ անընդմեջ հաղթանակ են տարել, Պետկովիչի օրոք փորձում են դինամիկ ֆուտբոլ ցույց տալ և վատ հնարավորություններ չունեն առաջնությունը հաղթանակով սկսելու համար: Ի դեպ, Պետկովիչն համարվում է երկրորդ մարզիչը, որը գլխավորում է Շվեյցարիայի ընտրանին երեք խոշոր մրցաշարում անընդմեջ Կոբի Կունից հետո (Եվրո 2004, Մունդիալ 2006, Եվրո 2008):

Ուելսը միանշանակ տուժեց այն փաստից, որ ընտրանու ղեկին չի լինի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը, իսկ նրա փոխարեն աշխատելու է Ռոբերտ Պեյջը: Ճիշտ է, սա կարող է նաև իր դրական ազդեցությունը թողնել, բայց քչերն են դրան հավատում: Անկախ ամեն ինչից Ուելսը կփորձի պայքարել և եթե մտադիր է առաջ գնալ խմբում, ապա առաջին լուրջ քայլը պետք է փորձի անել հաշվետու խաղում:

Շվեյցարիան վերջին հինգ խաղից չորսում խփել է առնվազն երեք գոլ, մինչդեռ նույնը բանն Ուելսն արել է վերջին վեց խաղից երեքում: Ճիշտ է, հիմա այլ ժամանակներ են և չի կարելի հղում անել անցած Եվրոյում գրանցված արդյունքներին, սակայն հարկ է հիշեցնել, որ հինգ տարի առաջ Ուելսի մասնակցությամբ խմբային փուլի բոլոր երեք խաղում խփվել է առնվազն երեք գոլ, իսկ Շվեյցարիայի մասնակցությամբ ոչ մի մրցավեճում նման բան չի եղել: Ամեն դեպքում, կողմերի վերջին մրցելույթները, մասնավորապես խոսքը վերաբերում է Շվեյցարիային, հուշում են, որ այս հարցում կա առաջընթաց և կարելի է սպասել, որ կողմերն առնվազն մեկական անգամ կգրավեն միմյանց դարպասը:

Ուելսն ու Շվեյցարիան նման խոշոր մրցաշարում հանդիպելու են առաջին անգամ: Միմյանց միջև կայացած մնացած բոլոր խաղերում (այդ թվում նաև ստուգողական մրցավեճերը) Շվեյցարիան 7 խաղից հինգում հաղթել է, երկուսում պարտվել: Վերջին անգամ մրցել են 10 տարի առաջ. Եվրոյի ընտրական փուլում ուելսցիները հաղթել են 2:0 հաշվով:

Ուելսի ընտրանին երրորդ անգամ է մասնակցելու նման խոշոր մրցաշարի՝ 1958 թվականի Մունդիալից ու 2016 թվականի Եվրոյից հետո: Մինչ այս նրանց հաջողվել է առնվազն հասնել մինչև քառորդ եզրափակիչ, իսկ անցած Եվրոյին նրանք խաղացին անգամ կիսաեզրափակչում: Ի դեպ, 2016 թվականին Ուելսը դարձավ առաջին նորեկը, որը մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ Շվեդիայից հետո, որը դա արել է 1992 թվականին:

Շվեյցարիան հինգերորդ անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Սրանից առաջ նրանց մեկ անգամ է հաջողվել դուրս գալ խմբից և դա տեղի է ունեցել անցած Եվրոյին: Առաջ չեն գնացել՝ պարտվելով Լեհաստանին: Շվեյցարիան Եվրոների շրջանակներում անցկացրել է 13 հանդիպում և մեկ խաղում է խփել մեկ գոլից ավելի՝ 2008 թվականին խմբային փուլում Պորտուգալային: Եվրոների շրջանակներում վերջին հինգ խաղում Պետկովիչի սաները չեն պարտվել՝ երկու հաղթանակ և երեք ոչ-ոքի: Մեկնարկային ութ խաղից վեցում նրանք հաղթանակ են տարել մրցաշարի շրջանակներում:

Ընթացիկ Եվրոյի ընտրական փուլում Ուելսը միջինը մեկ խաղում խփել է 1,25 գոլ (10 գոլ 8 խաղում), ինչն ամենացածր ցուցանիշն է եզրափակիչ փուլի բոլոր 24 մասնակցի մեջ Մակեդոնիայի ընտրանու հետ միասին:

Ուելսի առաջատար Գարեթ Բեյլն աչքի է ընել Շվեյցարիայի հետ վերջին երկու խաղում՝ 2 գոլ 2 խաղում: Անցած Եվրոյին Ուելսից աչքի էր ընկնում Աարոն Ռեմսին, որը մասնակցել է իր ընտրանու խփած գոլերի հիսուն տոկոսին՝ խփելով 1 գոլ ու կատարելով գոլային 4 փոխանցում:

Մեծ են ակնկալիքները Շաքիրիից: Վերջինս սկսած 2014 թվականի Մունդիալից խոշոր մրցաշարերում իր հավաքականի խփած գոլերի 47 տոկոսին մասնակցել է: Նշված ժամանակահատվածում շվեյցարացիները խփել են 15 գոլ, դրանցից հինգը հեղինակել է Շաքիրին, որը կատարել է նաև գոլային երկու փոխանցում:

  • Հավանական կազմերը՝

Ուելսի հավաքական (3-4-3) — Ուորդ, Մեպհեմ, Ռոդոն, Դեյվիս, Ռոբերտս, Ալլեն, Ռեմսի, Ուիլյամս, Բեյլ, Ուեիլսոն, Ջեյմս

Շվեյցարիայի հավաքական (3-4-1-2) — Զոմեր, Էլվեդի, Ականջի, Շար, Մբաբու, Ջակա, Ֆրոյլեր, Ռիկարդո Ռոդրիգես, Շաքիրի, Գավրանովիչ, Սեֆերովիչ: