Վարդանյանն ու Սադոյանը հեռացել են «Շիրակից». Վերջինս կխաղա «Արարատում»

Գյումրու «Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմից հեռացել են Էրիկ Վարդանյանն ու Արսեն Սադոյանը: Ավարտվել են խաղացողների պայմանագրերի ժամկետները: Նշենք, որ Արսեն Սադոյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»: Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից:

22-ամյա Սադոյանը 2020/21 մրցաշրջանից առաջ էր «Ուրարտուից» տեղափոխվել «Արարատ» և նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Շիրակում»:

«Շատ ուրախ եմ, որ կարիերաս շարունակելու եմ «Արարատում», քանի որ մեծ պատիվ է այս ակումբի մարզաշապիկը կրելը: Հուսով եմ, որ իմ ելույթներով կկարողանամ նպաստել ակումբի հաջողություններին»,- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:

Սադոյանն «Ուրարտուի» սան է և այդ ակումբի կազմում մեկ խաղ է անցկացրել Բարձրագույն խմբում, իսկ «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման: Նա նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։