«Վանը» չի փոխում զարգացման վեկտորը. Նպատակը՝ բարձրացնել նշաձողը

Հայաստանի անցած առաջնությունը մեկնարկեց տասը թիմով, չորսը ներկայացնում էին մարզերը՝ «Շիրակը», «Լոռին», «Գանձասարն» ու «Վանը»: Վանաձորն ու Կապանը ներկայացնող թիմերը տարբեր պատճառներով դուրս եկան առաջնությունից, մնացին երկուսը՝ «Շիրակն» ու «Վանը»: Հաշվի առնելով այն, որ չարենցավանցիներն առաջին մրցաշրջանն էին անցկացնում բարձրագույն դիվիզիոնում, թիմի զբաղեցրած հորիզոնականը կարելի է օրինաչափ համարել, մինչդեռ կա տեսակետ, որ թիմն ավելին կարող էր անել: Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա թիմը բավարարվեց վերջին տեղով և դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կվերցնեն գյումրեցիները գալիք մրցաշրջանում: Այս մասով, «Վանում» պատկերն այլ է: Չարենցավանցիները պատրաստվում են Պրեմիեր լիգայի գալիք առաջնությանն ու արդեն կողմնորոշվել մի շարք հարցերում:

Մարզչական շտաբը

Անցած մրցաշրջանը «Վանը» սկսեց Սևադա Արզումանյանի գլխավորությամբ, սակայն աշնանային հատվածից հետո թիմում տեղի ունեցավ մարզչական փոփոխություն: Արզումանյանը մնաց ակումբում և զբաղեցրեց գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ նրան փոխարինեց ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևը։ Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ «Վանի» գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Արթուր Ասոյանը, իսկ նրան կօգնեն ռուս մասնագետները Զայցևի գլխավորությամբ: «Վանի» գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը Football365.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզչական շտաբը կմնա անփոփոխ:

«Սկզբում, երբ թիմը գլխավորեցին Ասոյանն ու նրա ռուս օգնականները, կար որոշակի մտավախություն, որ հայ և ռուս մասնագետների համագործակցությունը կարող է չստացվել, բայց տեղի ունեցավ լռիվ հակառակը և դա առաջին հերթին նրանց մարդկային որակների հաշվին: Մեկը մյուսին փոխլրացնում են, արդյունքում հաջողվում է ապահովել առողջ միջավայր՝ աշխատանքային գորընթացքը լավ կազմակերպելու համար: Ակումբի ղեկավարությունը գոհ է մարզիչների աշխատանքից և թերևս սրա մասին է վկայում այն, որ նրանք կշարունակեն մարզել «Վանը» գալիք մրցաշրջանում»,- մեզ հետ զրույցում ասաց Սևադա Արզումանյանը:

Կազմը

«Վանն» արդեն հայտարարել է, որ 15 ֆուտբոլիստ հեռացել են թիմից, ավարտվել են պայմանագրերի ժամկետները: Այս ընթացքում ակումբի ղեկավարությունն ակտիվ աշխատանք է տանում կազմը նոր խաղացողներով համալրելու ուղղությամբ: Ինչպես ընդունված է վերջերս ասել, զարգացման վեկտորը «Վանը» չի պատրաստվում փոխել: Պատրաստվում են շարքերն ուժեղացնել արտասահմանցի լեգեոներներով, ինչպես նաև հայ ֆուտբոլիստներով:

«Առնվազն կպահենք անցած մրցաշրջանի նշաձողը և կփորձենք ավելի ուժեղացնել կազմը: Նորեկները, եթե ուժեղ չլինեն թիմից հեռացած տղաներից, հաստատ չեն զիջի նրանց: Սա հստակ է: Ասեմ ավելին, այս գործընթացին զուգահեռ լուրջ աշխատանք է տարվում ակումբի դպրոցը զարգացնելու ուղղությամբ: Սա կարևոր ու առաջնային հարցերից մեկն է: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ գլխավոր թիմի հաջողություններն ևս լուրջ ազդեցություն կարող են ունենալ պատանի և երիտասարդ տղաների աճի հարցում: Մեր ապագա ծրագրերում է նաև Առաջին խմբում թիմ ունենալու հարցը: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, կտեսնենք ինչպես կստացվի: Կարճ ասած՝ համալիր աշխատանք է տարվում ակումբի ներսում հիմքը գցելու և մրցունակ ակումբ ունենալու համար»,- ընգծեց Արզումանյանը: