Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը հասել է 600 հազար եվրոյի

Սլովակիայի «Ժիլինան» ներկայացնող գյումրեցի Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն անցել է կես միլիոն եվրոն: transfermarkt հարթակը թարմացրել է հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Ներկա պահին խաղացողի տրանսֆերը գնահատվում է 600 հազար եվրո:

Թերևս սա կարելի է պայմանավորել նրանով, որ ընթացիկ մրցաշրջանում Վահանը բավականին արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, մասնավորապես Սլովակիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում խփել է 9 գոլ և կատարել գոլային երկու փոխանցում: Բացի դրանից այս ընթացքում Բիչախչյանը հասցրեց նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում: Ազգերի լիգայի խաղարկությունում մասնակցել է հինգ հանդիպման և դարձել գոլային մեկ փոխանցման հեղինակ:

Վահան Բիչախչյանը խփած գոլերի քանակով ոչ միայն «Ժիլիանյի» լավագույն ռմբարկուներից է, այլ նաև ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակում առաջատարների թվում է: Լավագույն հնգյակում են «Ժիլինայի» միանգամից երկու խաղացող. Վահանն ու Դավիդ Կուրմինովսկին խփել են 9-ական գոլ: Նույնքան գոլ ունի Ռաֆայել Ռատաոն «Սլովանից»: Երեքն էլ առաջատար Կալմարին («Ստրեդա») ու Բալային («Մորավցե-Վրաբլե») զիջում են երկուական գոլով:

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում «Ժիլինան» անցկացրած 18 տուրից հետո վաստակած 30 միավորով երրորդ տեղում է, թիմը խփել է 40 գոլ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am