«Ուրարտուի» մարզչական շտաբը նոր համալրումներ ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի։ Մարզիչ-վերլուծաբան Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն և ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ Զուագին կաշխատեն ակումբի գլխավոր թիմի հետ։ Ազգությամբ իսպանացի մասնագետները ֆուտբոլային հարուստ փորձ ունեն: Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն աշխատել է նաև «Լոռի» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, իսկ ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ Զուագին աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում», ինչպես նաև Պորտուգալիայի բասկետբոլի ազգային հավաքականում, հայտնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից:

ՖՐԱՆՍԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ ԲՈՄԲԱՐԴՈ․ «Առաջինը որ միանգամից աչք է գերում ակումբի ենթակառուցվածքներն են, հասկանում ես, որ սա ակումբ է, որն ուզում է զարգանալ։ Իմ աշխատանքի բնույթն այն է, որ ես պետք է օգնեմ գլխավոր մարզչին պատրաստել թիմը տակտիկապես, որպեսզի տղաները խաղան այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք։ Նաև զբաղվելու եմ վերլուծությամբ, ուսումնասիրելու եմ ինչպես մեր թիմի խաղն, այնպես էլ մրցակիցներինը։ Վերլուծություններ ենք կատարելու ու հիմնվելով դրանց վրա վարժություններ կատարելու մարզումների ընթացքում, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան ու իրագործեն այն գաղափարները, որոնք ունեն մարզիչները»։

ՎԱԻԼ ԷԼ ԳԱՐՏԻՏ ԶՈՒԱԳԻ․ «Ես շատ մոտիվացված եմ, որովհետև այս թիմին օգնելու մեծ ցանկություն ունեմ։ Ինձ դուր եկավ այն նախագիծը, որն ունի ակումբը։ Ունենք շատ լավ կոլեկտիվ, որը առաջընթաց գրանցելու մեծ ձգտում ու ցանկություն ունի։ Ինձ դուր եկավ ամեն ինչ։ Նախկինում աշխատել եմ Լիսաբոնի «Սպորտինգում», ինչպես նաև Պորտուգալիայի բասկետբոլի հավաքականում։ Անհատապես աշխատել եմ նաև շատ մարզիկների հետ։ Իմ գործի բնույթը հետևյալն է, որ պետք է աշխատեմ վնասվածք ունեցող ու վերականգնվնող ֆուտբոլիստների հետ։ Եթե ֆուտբոլիստն ունի վնասվածք, ցավ, կամ առողջական ինչ-որ խնդիր նրան անհանգստացնում է, ապա ես պետք է օգնեմ նրան, որպեսզի նա հնարավորինս արագ վերականգնվի ու միանա ընդհանուր խմբին 100 տոկոս առողջ վիճակում»։

Նշվում է նաև, որ նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» օրեր անց կանցկացնի իր առաջին հանդիպումը։ Հունիսի 19-ին թիմն ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումը կկայանա Հանքավանի «Զեփյուռ» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18։00-ին։