Եղիշե Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը որակազրկվել են, ակումբները՝ տուգանվել

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստում որոշում է կայացվել Fastex ՀՊԼ 32-րդ տուրի՝ «Նոա» — «Փյունիկ» խաղում թիմերի գլխավոր մարզիչների միջև տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ: Մարզիչները որակազրկվել են, իսկ ակումբները տուգանվել:

«Կոմիտեն, քննության առնելով «Փյունիկ ՖԱ» ՀԿ կողմից 2023 թվականի մայիսի 18-ին և «Նոա ՖԱ» ՀԿ կողմից 2023 թվականի մայիսի 17-ին ներկայացված դիրքորոշումները, լսելով 2023 թվականի մայիսի 19-ին և մայիսի 22-ին Կոմիտեի նիստերին հրավիրված «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և «Նոա» թիմի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտ Արզումանյանի բանավոր դիրքորոշումները՝ քննարկումների արդյունքում որոշեց՝

1) Հաստատված համարել «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի (307) կողմից կարգապահական խախտում թույլ տալը և հիմք ընդունելով Կանոնակարգի 4-րդ հոդվածի 5-րդ կետը և Կանոնակարգի 40-րդ հոդվածի 35-րդ կետը՝ վերջինիս զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 2 խաղով և «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի՝ 250,000 ՀՀ դրամի չափով։

2) Հաստատված համարել «Նոա» թիմի գլխավոր մարզչի օգնական Ռոբերտ Արզումանյանի (810) կարգապահական խախտում թույլ տալը և հիմք ընդունելով Կանոնակարգի 4-րդ հոդվածի 5-րդ կետը և Կանոնակարգի 40-րդ հոդվածի 35-րդ կետը՝ վերջինիս զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 2 խաղով և «Նոա ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի՝ 250,000 ՀՀ դրամի չափով։

Որակազրկումները տարածվում են 15.05.2023թ.-ից սկսած և ներառում են արդեն իսկ բաց թողնված խաղ(երը)ը (այդպիսիք լինելու դեպքում)» , — գրված է նիստի արձանագրությունում, որը հրապարակել է ՀՖՖ պաշտոնական կայքը: