Հայտարարվել է Սուպերլիգայի ստեղծման մասին. Շատերը դեմ են՝ այն համարելով «ցինիկ նախագիծ»

Հայտնի է դարձել եվրոպական Սուպերլիգայի անցկացման ֆորմատը: Նոր մրցաշարի անցկացմանը կողմն են արտահայտվել եվրոպական ֆուտբոլի մեկ տասնյակից ավելի ակումբներ, մասնավորապես «Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալն» ու «Տոտենհեմը»: Սպասվում է, որ Սուպերլիգային մասնակցելու հայտ կներկայացնեն ևս երեք ակումբ: Խոսքն առաջին հերթին գնում է «Բավարիայի», «Լայպցիգի» ու «Պորտուի» մասին:

Նշվում է, որ մրցաշարին կկարողանան մասնակցել 20 ակումբ: Նրանցից տասնհինգը կլինեն հիմնադիր ակումբները, մնացած հինգի անունը հայտնի կդառնան ամեն տարի՝ ելնելով նախորդ մրցաշրջանի արդյունքներից: Հանդիպումներն անցկացվելու են շաբաթվա կեսին: Նշվում է, որ ակումբները կշարունակեն մրցելույթներն իրենց ազգային լիգաներում՝ պահպանելով ավանդական օրացույցը: Խաղարկությունը կմեկնարկի օգոստոսին, թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի տասական թիմով և կխաղան երկու շրջան: Խմբերում առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած թիմերը միանգամից կնվաճեն քառորդ եզրափակչի ուղեգիր: Չորրորդ և հինգերորդ տեղերում հայտնված թիմերը կմրցեն անցումային փլեյ-օֆֆ փուլում: Հաղթողներին կորոշեն երկու խաղի արդյունքով: Քառորդ եզրափակչից սկսած զույգի հաղթողները կորոշվեն երկու խաղի արդյունքով: Եզրափակիչը տեղի կունենա մայիս ամսին չեզոք խաղադաշտում:

Մոտակա ժամանակահատվածում տղամարդկանց մրցաշարի մեկնարկից հետո կստեղծվի նաև համապատասխան լիգա կանանց թիմերի մասնակցությամբ: Նշվում է, որ հիմնադիր-ակումբները սպասում են հնարավորությանը, որպեսզի ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ քննարկեն ստեղծված իրավիճակն ու գտնեն լավագույն որոշումները կապված ինչպես Սուպերլիգայի, այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի ապագայի հետ:

Սուպերլիգայի հիմնադիրները կարծում են, որ այսպես փորձում են կայունացնել ֆինանսական հոսքերը: Ըստ նրանց՝ համավարակը ստիպեց, որպեսզի գնան կտրուկ ու վճռական քայլերի՝ հաշվի առնելով եվրոպական ֆուտբոլում գործող տնտեսական մոդելի անկայուն վիճակը:

«Տարիների ընթացքում հիմնադիր-ակումբները ձգտում էին բարելավել գործող եվրոպական մրցաշարերի որակն ու ինտենսիվությունը և ստեղծել մրցաշար, որի շրջանակներում լավագույն թիմերն ու խաղացողները կկարողանան ավելի հաճախ մրցել միմյանց հետ: Համավարակը ցույց տվեց, որ հանուն ֆուտբոլի ապագայի անհրաժեշտ են ստրատեգիական այլ մոտեցումներ ու գործնական այլ քայլեր»,- նշված է Սոպերլիգայի պաշտոնական կայքում:

Հիմնադիր-ակումբները կարծում են, որ ոլորտը համակարգող կառույցների կողմից ընդունված որոշումները չեն լուծում հիմնական ու գլխավոր հարցերը, որոնք վերաբերում են հանդիպումների որակական աճին ու ֆինանսական հոսքերի ավելացմանը: Ըստ նրանց՝ նոր ամենամյա մրցաշարը կարող է ապահովել թիմերի համար տնտեսական ավելի մեծ աճ, ինչը թույլ կտա պահել եվրոպական ֆուտբոլը բարձր մակարդակի վրա, որպեսզի ներդրումներն աճեն եվրոպական Սուպերլիգայի եկամուտների հետ միասին:

«Ակումբները ավելի շատ կստանան, քան հիմա: Սպասվում է, որ վճարները կգերազանցեն 10 միլիարդ եվրոն ակումբների պարտավորությունների ժամանակահատվածի ընթացքում: Մյուս կողմից մրցաշարը կստեղծվի ֆինանսական կայունության չափանիշների հիման վրա: Հիմնադիր-ակումբները պարտավորվում են ծախսել համաձայն առաջարկվող կառուցվածքի: Փոխարենն ակումբները կստանան միանվագ ֆինանսական աջակցություն 3,5 միլիարդ եվրոյի չափով: Գումարը կարող են ծախսել միայն ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև այն կծառայի որպես փոխհատուցում համավարակի հետևանքները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: 

Սուպերլիգայի ստեղծման գաղափարին դեմ են արտահայտվել շատերը, մասնավորապես ոլորտը համակարգող կառույցները:

«Ցանկացած ակումբ կամ խաղացող, որոնք կմասնակցեն Սուպերլիգային, կհեռացվեն ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունում:

Նոր մրցաշարի հետ կապված իր մտահոգություններն են հայտնել նաև եվրոպական առաջատար լիգաների ներկայացուցիչները: Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել օրինակ իսպանական, անգլիական ու իտալական լիգաներն ու ֆեդերացիաները՝ նշելով, որ ցինիկ նախագիծ է, որը հիմնված է մի քանի ակումբների անձնական հետաքրքրությունների վրա: Սուպերլիգային մասնակցելուց հրաժարվել են ֆրանսիական ակումբները, մասնավորապես «Պարի Սեն Ժերմենը»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am