Սողոմոնյանը մեղադրում է, Գալստյանը՝ կրկին կոչ անում

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ակումբի մամուլի ծառայության կողմից արված հրապարակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում գրառումներ է արել՝ անդրադառնալով Հայաստանի առաջնության վեցերորդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» խաղի մրցավարությանը:

«Միանշանակ: Մրցավարը վերցրել էր մանր խախտումների մարտավարությունը, որոնք միշտ մի թիմի օգտին էին: Նա չնշանակեց մաքուր 11 մետրանոց, իսկ առաջին գոլի դրվագում Կարապետյանը խախտեց կանոնները մրցավարից մի քանի մետրի վրա, բայց նա լռեց: Պարտությունն այնքան ցավալի չէ, որքան այն, որ կրկին սկսվել են կեղտոտ խաղեր: Այսպես սպանվում է հետաքրքրությունը հայկական ֆուտբոլի հանդեպ»,- գրել է Սողոմոնյանը:

«Փյունիկի» սեփականատերն այլ գրառումներ նույնպես արել, մասնավորապես գրել է «Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանի մասին:

«Պողոս Գալստյանը Ռուսաստանում հայտնի էր մրցավարների հետ իր աշխատանքով և այլ գործերով: Ինձ տխրեցնում է, որ իր գալով դա արեն Հայաստանում է: Ցավոք, ես բավականաչափ ճանաչում եմ Պողոսին, լավ կլիներ չճանաչեի»,- հավելել է Սողոմոնյանը:

Ի պատասխան մամուլում շրջանառվող խոսակցություններին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Այսօր ծանոթացա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ կողմից ինձ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը. ուզում եմ հստակ ասել, որ անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում:

Երկար ժամանակ է արդեն «Փյունիկ» ակումբի սեփականատերը վարկաբեկում է մեր ակումբը և փորձում խեղաթյուրել մեր կարճ, բայց հաղթանակներով լի պատմությունը: Միգուցե պատճառն այն է, որ մեր ակումբի ստեղծման օրվանից ի վեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում միայն պարտություններ և ձախողումներ են գրանցվում:

Այսօր այդ մարդն անցավ բոլոր սահմանները՝ վիրավորելով իմ անձը և իմ շուրջ 50 տարվա ֆուտբոլային փորձը: Հորդորում եմ նրան կրկին կարդալ և վերհիշել իմ անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները և պատմական հաղթանակները: Իմ կարիերայի ընթացքում ես հաջողություններ եմ գրանցել և՛ որպես ֆուտբոլիստ՝ հանդես գալով լեգենդար «Արարատի» կազմում, և՛ որպես ղեկավար՝ ինչպես Ռուսաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Մեր ակումբի հաջողություններն ու «Փյունիկի» ձախողումներն ուղղակի կուրացրել են այդ մարդուն: Արդեն բազմիցս հանդես եմ եկել նմանատիպ հորդորներով, բայց կրկին կոչ եմ անում «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջը զբաղվել միայն իր ակումբի աշխատանքով. վիրավորանքներ եւ անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով: Խորհուրդ եմ տալիս սեփական անհաջողություններում այլ մեղավորներ չփնտրել և վերջ տալ էժանագին վարքագծի դրսևորմանը: Սրտանց ցանկանում եմ «Փյունիկի» սեփականատիրոջն իմ անցած ֆուտբոլային ուղու գոնե մեկ տոկոսն անցնել, և միայն դրանից հետո իրեն իրավունք վերապահել որևէ գնահատականներ հնչեցնել իմ կատարած աշխատանքին»,- նշված է հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos