«Շիրակը» հավանաբար կխաղա Առաջին խմբում

Անցած մրցաշրջանում Գյումրու «Շիրակը» լավ հանդես չեկավ ու մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Հիմնական պատճառը թերևս կադրային խնդիրներն էին: Փոխվեց մարզչական շտաբը, մի շարք առաջատարներ հեռացան թիմից, փոխարենը թիմը համալրվեց երիտասարդ կադրերով: Առաջնության երկրորդ հատվածը շիրակցիներն համեմատաբար լավ անցկացրեցին, սակայն իրավիճակը շտկել չհաջողվեց:

Football365.am-ի տեղեկություններով «Շիրակում» կրկին լինելու են կադրային փոփոխություններ և ըստ ամենայնի թիմը կշարունակի պահել անցած մրցաշրջանում վերցրած կուրսը՝ շեշտը դնելով սեփական ու երիտասարդ հայ կադրերի վրա: Կլինեն խաղացողներ, որոնք կհեռանան թիմից: Ինչ վերաբերում է թիմին, ապա հավանաբար կշարունակի մրցելույթները ոչ թե Պրեմիեր լիգայում, այլ Առաջին խմբում:

Հավելենք, որ «Շիրակը» միակ թիմն է, որը մինչ այս մասնակցել է Հայաստանի բարձրագույն դիվիզիոնի բոլոր առաջնություններին: Իհարկե, եթե «Շիրակը» տեղափոխվի Առաջին խումբ, ապա առանց գյումրեցիների առաջնության փայլը կկորի, սակայն ինչպես ասում են՝ երբեմն քայլ առաջ անելու համար, պետք է երկու քայլ ետ անել: