«Սևանը» կազմը համալրել է յոթ նորեկով

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը պայմանագիր է ստորագրել յոթ նոր ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ ութ ֆուտբոլիստի հետ պայմանագրերը խզելուց հետո, թիմի կազմը աստիճանաբար համալրվում է։

«Սևանում» կարիերան կշարունակի Արտյոմ Խաչատուրովը։ 28 ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Մոլդովայի Մ19 և Մ21 հավաքականներում, ինչպես նաև մոլդովական մի շարք թիմերում, այդ թվում՝ «Շերիֆում» և «Զիմբրուում»։ Հանդես է եկել նաև Ղազախստանի «Կիզիլժարում»: 2018/19 թթ. մրցաշրջանում Խաչատուրովը խաղացել է «Լոռիի» կազմում։ Չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

«Սևանի» կազմը համալրել է 24-ամյա Նարեկ Ասլանյանը: Վերջինս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ Խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ Վերջին թիմն եղել է «Գանձասար-Կապանը», որի լուծարվելուց հետո ազատ խաղացողի կարգավիճակ է ձեռք բերել։

«Սևանում» կխաղա նաև Հասարակածային Գվինեայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստ Սալոմոն Ասումու Օբամա Օնդոն։ Վերջինս ֆուտբոլային կրթությունը ստացել է իսպանական «Ատլետիկոյի» ակադեմիայում։ Հասցրել է խաղալ նաև «Սելտայի» երկրորդ թիմում։ Նա հինգ հանդիպում է անցկացրել Իսպանիայի Մ17 տարեկականների հավաքականի կազմում:

«Սևանի» շարքերը համալրել է նաև 23-ամյա հարձակվող Ախմեդ Ջինդոյանը, որը արդեն հասցրել է «Սևանի» կազմում դառնալ գոլի հեղինակ ստուգողական խաղերում։ Վերջինս «Միկայի» սան է։ Խաղացել է «Միկա-2» և «Միկա» թիմերում։ Իսկ մինչև «Սևան» տեղափոխվելը եղել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ։

«Սևանում» է հանդես գալու նաև 18-ամյա դարպասապահ Էդվին Հակոբյանը, որը չնայած իր տարիքին արդեն հասցրել է հանդես գալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Գերմանիայում։ Էդվին Հակոբյանը «Փյունիկի» սան է։ Եղել է «Ավան-Ակադեմիայի» դարպասապահը։ Փորձն ու վարպետությունը հղկել է չորրորդ Բունդեսլիգայի «Ռիելազինգեն» թիմում, որից հետո մինչև «Սևան» տեղափոխվելը հանդիսացել է «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստ։ Հրավիրվել և երկու խաղի է մասնակցել Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականում։

Պորտուգալացի 19-ամյա դարպասապահ Դիոգո Գուելերմինո Բաբո Ֆիգուեյերդոն՝ Դիդին նույնպես որոշել է ապագան կապել «Սևանի» հետ: Պորտուգալիայում հանդես է եկել «Ռիո Ավեի» երիտասարդական թիմի կազմում, հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ19 տարեկանների հավաքական։

 «Սևանը» պայմանագիր է ստորագրել պաշտպան Դավիթ Այվազյանի հետ։ 21-ամյա ֆուտբոլիստը «Միկայի» սան է, հանդես է եկել նաև «Էրեբունիում» և «Վանում»։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos