«Սևանը» ՖԱ. «Ֆեդերացիայի ապաշնորհ քաղաքականության հետևանքով արդեն երկու մարզային թիմ հեռացավ առաջնությունից»

«Սևանի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել կապված Վանաձորի «Լոռիի» առաջնությունից դուրս գալու որոշմանը:

«Մենք աջակցում ենք «Լոռի» ՖԱ-ին: Հայկական ֆուտբոլում սկանդալ է և բավականին լուրջ սկանդալ։ «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հայտարարեց, որ հանում է թիմը ընթացիկ առաջնությունից։ Պատճառը «Լոռիի» նկատմամբ արհամարհանքն է, թիմի նկատմամբ անհանդուրժողականությունն է, թիմի նկատմամբ դիտավորյալ վատ և անարդարացի որոշումներ կայացնելն է ՀՖՖ-ի կողմից։

Կարծում ենք, որ ֆուտբոլային չինովնիկները չեն կարողանում համակերպվել այն մարդկանց հետ, որոնք շիտակ են, չեն վախենում ճիշտը հանրայնացնել։ Այդ չինովնիկները իրենց բարդույթները փորձում են թաքցնել այլ հարթակներում։ Մեր ֆեդերացիայի ապաշնորհ քաղաքականության հետևանքով արդեն երկու մարզային թիմ հեռացավ մեր առաջնությունից։ ՀՖՖ-ն փոխանակ տարբերակ գտնի ակումբների հետ նորմալ փոխհարաբերություններ ձևավորելու, նրանց օգնելու, հակառակը, ուրախանում է, որ մեր առաջնության անվանի և նպատակասլաց թիմերը հեռանում են։

Այսպես նրանք իրենց ապահով են զգում Խանջյան փողոցում, բայց միևնույնն է մենք նրանց չենք տեսնում մեր ստադիոններում։ «Լոռին» դեռ իր խոսքը կասի Հայաստանում և միջազգային ասպարեզում, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Այն երկար սպասել չի տա»,- նշված է «Սևանի» հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am