Սերժ Դեբլեն՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կոտդիվաուարցի հարձակվող Սերժ Դեբլեի հետ: Սերժ Դեբլեի նախորդ ակումբը դանիական «Վիբորգն» էր, որը նախորդ մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Դանիայի Սուպերլիգայի ուղեգիր, հայտնում են «Արարարտի» մամուլի ծառայությունից:

Սերժ Դեբլեն պատանի հասակում Աֆրիկայից տեղափոխվել է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Չարլթոն» ակումբի հետ։ Ապա վարձակալական հիմունքներով խաղացել է ֆրանսիական «Անժե» և «Նանտ» ակումբներում, խաղացել է ռուսական «Խիմկիում» և ԲՄԱ Խաբարովսկում, 2013/14 մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակում»՝ 26 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Հայաստանից տեղափոխվել է դանիական «Վիբորգ», ապա խաղացել է չինական «Մեիոժու», Հոնգ Կոնգի R&F թիմերում։

«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի մարզչի հետ խոսելուց հետո։ Ինչպես գիտեք, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացել եմ «Շիրակում» և լավ հարաբերություններ էի պահպանում իր հետ։ Հուսով եմ՝ իմ փորձով և որակներով կկարողանամ օգնել թիմի հասնել չեմպիոնական տիտղոսին և որքան հնարավոր է լավ ելույթներ կունենանք եվրոպական ասպարեզում։ Գիտեմ, որ թիմը նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ գլխավորել է մրցաշարային աղյուսակը և միայն վերջին հինգ տուրերում է ձեռքից բաց թողել չեմպիոնությունը։ Այստեղ տեսնում եմ, որ լավ թիմ է հավաքված և հուսով եմ, որ այս տարի կկարողանանք չեմպիոն դառնալ»,- նշել է «Արարատի» նորեկը։

Սերժ Դեբլեն «Արարատում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։