Ռեշֆորդը, Ֆերնանդեշն ու ամենախոշոր հաշվով հաղթանակն իսպանական թիմի հետ խաղում

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսիեդադի» դարպասը:

Անգլիական թիմը տարավ ամենախոշոր հաշվով հաղթանակն իսպանական թիմի հետ խաղում ՈւԵՖԱ-ի գավաթի/ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում: Մինչ այս ռեկորդը պատկանում էր «Նյուքասլին», որը 2004 թվականին 3:0 հաշվով հաղթել էր «Մալյորկային»:

Հաշվետու մրցավեճում «Ռեալ Սոսիեդադի» դարպասը գոլ խփեց Մարկու Ռեշֆորդը: Որակավորման փուլի խաղերը չհաշված սա Ռեշֆորդի յոթերորդ գոլն էր եվրագավաթներում ընթացիկ մրցաշրջանում: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթներում մեկ մրցաշրջանում անգլիացի խաղացողներից ամենաշատ գոլերը խփել է Բոբբի Չարլտոնը: Վերջինս 1964/65 թթ. մրցաշրջանում Տոնավաճառների գավաթի խաղարկության շրջանակներում դարձել է 8 գոլի հեղինակ: Ռեշֆորդը ներկա պահին երկրորդն է:

«Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում դուբլ ձևակերպեց Բրունո Ֆերնանդեշը: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած անցկացրած 58 խաղում արդեն խփել է 33 գոլ և կատարել գոլային 19 փոխանցում: Գոլ ու գոլային համակարգով ակտիվում ունի 52 միավոր, ինչը 10-ով ավելի է, քան Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ այլ ֆուտբոլիստ սկսած նրա նորամուտից (2020 թվականի փետրվար):

Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթային բոլոր մրցաշարերում խփել է 8 գոլ: Սկսած այն օրվանից, երբ նա մանկունիանցիների կազմում եվրագավաթներում նշել է իր նորամուտը միայն «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին է հաջողվել ավելի շատ գոլ խփել (11):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos