Եվրո 2020. Խումբ «E». Լեհաստան — Սսլովակիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Լեհերն ու սլովակները խաղալու են Սանկտ-Պետերբուրգում: Լեհաստանը չորրորդ անգամ անընդմեջ խաղալու է Եվրոպայի առաջնությունում: Այստեղ հասնելու համար նրանք ընտրական փուլում տարան ութ հաղթանակ, իսկ դրանից հետո կարելի է ասել մի փոքր թուլացրեցին: Անցած տարի Ազգերի լիգայի խաղարկությունում երկու հաղթանակ տարան վեց խաղում և դուրս մնացին հետագա պայքարից: Արդյունքում պաշտոնանկ եղավ Բժիչեկը, որը ղեկավարում էր ընտրանին 2018 թվականից: Այս տարվա հունվարից լեհերին մարզում է Պաուլու Սոուզան, որի գլխավորությամբ գործերը դեպի լավը չգնացին: Այս տարի անցկացրել են հինգ հանդիպում, հաղթել են ընդամենը մեկում: Եվրոյից առաջ երկու ոչ-ոքի են արել ռուսների ու իսլանդացիների հետ մրցավեճերում:

Ի տարբերություն առաջիկա մրցակցի՝ Սլովակիան ավելի երկար ճանապարհ անցավ Եվրոյին հասնելու համար: Նրանք ընտրական փուլի իրենց խմբում երրորդ տեղը գրավեցին, իսկ պայքարը շարունակեցին ելնելով նրանց դիրքից Ազգերի լիգայի խաղարկությունում: Իռլանդացիներն ու հյուսիսիռլանդացիները ստիպեցին սլովակներին քրտնաջան աշխատել փլեյ-օֆֆ փուլում, բայց արդյունքում կարողացան հաղթահարել փորձությունն ու ուղեգիր նվաճել: Ճիշտ է, դրանից հետո Սոլվակիայի ընտրանին չփայլեց: Անցած տարի դուրս մնաց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ դիվիզիոնից: Վերջին վեց խաղում միայն մեկ հաղթանակ են տարել, չնայած չեն պարտվել վերջին հինգ խաղում՝ 1 հաղթանակ, 4 ոչ-ոքի, այդ թվում են նաև անցած շաբաթ կայացած Ավստրիայի ու Բուլղարիայի հետ ստուգողական խաղերը: Վերջին անգամ կողմերը մրցել են 2013 թվականի նոյեմբերին ստուգողական խաղի շրջանակներում, հաջողությունն ուղեկցել են սլովակներին, որոնք հաղթել են 2:0 հաշվով:

Լեհաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, բացակայում են առանցքային հարձակվողների երկուսը՝ Պյոնտեն ու Միլիկը: Նրանք վնասվածքներ ունեն: Իրենց հավաքականին չեն կարողանա օգնել նաև Արկադիուշ Ռեկան ու Կրիստիան Բելիկը: Մյուս կողմից ապաքինվել են Ռիբուսը, Բերեշինսկին, Կլիխն ու Կովնացկին: Հարցականի տակ է Յան Բեդնարեկի մասնակցությունը, որը շարունակում է մարզվել ընդհանուր խմբից դուրս:  Պաուլո Սոուզան խաղը կկառուցի 4-4-2 խաղային սխեմայով, որը կվերածվի 3-4-3-ի, երբ լեհերը կսկսեն պահել գնդակն ու հարձակվել:

Ինչ վերաբերում է Սլովակիային, ապա ընտրանին կփորձի իր հարցերը լուծել առանց հարձակվող Դավիդ Ստրելեցի, իսկ Իվան Շրանցն ըստ ամենայնի բաց կթողնի առաջիկա մրցավեճն Ավստրիայի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Արդյունքում Ստեֆան Տարկովիչին ոչինչ չի մնում, քան այլընտրանքային լուծումներ փնտրել, իսկ դրանք շատ շեն:

Սլովակները հիմնականում գործում են 4-5-1 խաղային սխեմայով. կհագեցնեն թիկունքն ու միջին գիծը, կգործեն խորքից, որպեսզի զրկեն մրցակցին տարածությունից: Քիչ է հավանական, որ եզրային պաշտպաններ Պեկարիկն ու Գուբոչանը ամեն առիթի դեպքում կնետվեն առաջ: Առջևի գծում գոլեր են սպասում 21-ամյա Ռոբերտ Բոժենիկից, իսկ երկրորդ կեսում նրան օգնելու կամ փոխարինելու համար կարող է խաղադաշտ դուրս գալ Դուրիսը:

Մինչ այս կողմերը մրցել են 8 անգամ, լեհերը տարել են երեք հաղթանակ, սլովակներն ուժեղ են գտնվել չորս անգամ, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի: Պաուլո Սոուզայի օրոք Լեհաստանն հինգ խաղից չորսում հաղթանակ չի տարել: Պորտուգալացու գալուց հետո լեհերն առնվազն մեկ գոլ խփել են բոլոր խաղերում բացառությամբ մեկի: Լեհաստանի կազմում խաղալու է իրենց պատմության լավագույն ռմբարկուն՝ Լևանդովսկին: Վերջինս 119 խաղում դարձել է 66 գոլի հեղինակ: Հակառակ ճամբարում հպարտանում են Մարեկ Համշիկով՝ 26 գոլ 126 խաղում:

Հավանական կազմերը՝

Լեհաստանի հավաքական (4-4-2) — Շեսնի, Բերեշինսկի, Գլիկ, Բեդնարեկ, Պուխաչ, Յոզվյակ, Կրիխովյակ, Զելենսկի, Մոդեր, Կովնացկի, Լևանդովսկի:

Սլովակիայի հավաքական (4-5-1) — Դուբրավկա, Պեկարիկ, Շկրինյար, Սատկա, Գուբոչան, Դուդա, Կուցկա, Խրոսովսկի, Համշիկ, Մակ, Բոժենիկ: