Ռայսն առաջինն է Լեմպարդից հետո. Այոսեի առաջին գոլը, Օսիմխենի դուբլն ու «Ռոմայի» վեցերորդ հաղթանակը

Կայացան Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի անդրանիկ տուրի հանդիպումները: Անգլիական «Լեսթերը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց (2:2) իտալական «Նապոլիի» հետ: Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Հարվի Բարնսը: Անցած մրցաշրջանի մեկնարկից «Աղվեսների» կազմում Եվրոպայի լիգայի խաղարկություն ամենաշատ գոլերը խփել է հենց Բարնսը: Վերջինս Ջեյմի Վարդիի եւ Ռիյադ Մահրեզի հետ համարվում են «Լեսթերի» լավագույն ռմբարկուները եվրաասպարեզում: Երեքն էլ խփել են չորսական գոլ:

«Լեսթերի» կազմում հաշիվը բացեց Այոսե Պերեսը՝ խփելով իր առաջին գոլը թիմի կազմում անցկացրած 15 խաղում: Սա նրա առաջին գոլն էր եվրագավաթներում: Ի դեպ, բոլոր մրցաշարերը հաշվի առած անցած ութ խաղում, երբ Այոսեն գոլ էր խփել «Լեսթերը» հաղթել էր:

Նեապոլցիներին «Լեսթերի» հետ խաղում փրկեց Վիկտոր Օսիմխենի դուբլը: Վերջինս «Նապոլիի» առաջին խաղացողն է, որը դուբլ է ձեւակերպում Եվրոպայի լիգայի խաղարկությունում Դրիս Մերտենսից հետ: Բելգիացին 2015 թվականի դեկտեմբերին երկու գոլ էր խփել Վարշավայի «Լեգիային:

Անգլիական «Վեստ Հեմն», ի տարբերություն «Լեսթերի», կարողացավ ունեցած առավելությունը զարգացնել եւ հաղթանակ տանել: Մրցակիցը Զագրեբի «Դինամոն» էր: Մոյեսի սաներն երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, երկրորդ գոլը խփեց Դեկլան Ռայսը: Վերջինս դա արեց 22 տարեկան 245 օրական հասակում: Նա այս պահին «Վեստ Հեմի» ամենաերիտասարդ խաղացողն է, որը գոլ է խփում եվրագավաթներում սկսած 1999/00 թթ մրցաշրջանից: Այդ ժամանակ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Վեստ Հեմի» կազմում աչքի է ընկել երիտասարդ Ֆրենկ Լեմպարդը: Վերջինս խորվաթական «Օսիեկի» դարպասը գրավել է 21 տարեկան 88 օրական հասակում: Հաշվետու մրցավեճը 150-րդն էր Ռայիս համար որպես «Վեստ Հեմի» խաղացող: Այս ընթացքում նա դարձել է 6 գոլի հեղինակ:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի անդրանիկ տուրում հաղթանակ տարավ Հռոմի «Ռոման» (5:1): Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հերթական հաղթանակը տարավ, բայց այս անգամ առանց Հենրիխ Մխիթարյանի: Ընթացիկ մրցաշրջանում սա հռոմեական թիմի վեցերորդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերը հաշվի առած: Պատմության մեջ սա երրորդ դեպքն է, երբ «Ռոման» մրցաշրջանը սկսում է վեց հաղթանակով մեկնարկային վեց խաղում: Մինչ այս նման հաջողության հասել էին 2013/14 եւ 2014/15 թթ մրցաշրջաններում: