«Նոան» փոխում է զարգացման վեկտորը. կազմը կհամալրեն երիտասարդներով

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փոխում է զարգացման վեկտորը: Ակումբի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարությունում ասվում է, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը մշտապես հետևել է արդար խաղի կանոններին, միշտ թափանցիկ են գործել, ազնիվ եղել ինչպես թիմի, այնպես էլ՝ երկրպագուների հետ, հպարտացել են իրենց ձեռքբերումներով և չենք վախեցել խոսել խնդիրների մասին, եթե դրանք եղել են: Նշվում է, որ այժմ ակումբի զարգացման մեջ այնպիսի պահ է, երբ անհրաժեշտություն է առաջացել փոխել դրա վեկտորը:

«Նման բարեփոխումը ենթադրում է, որ հիմնական շեշտը դրվում է «Նոա» Ակադեմիայի զարգացման վրա, «Նոա» հիմնական թիմի կազմը համալրվում է հեռանկարային երիտասարդ խաղացողներով՝ հայ երիտասարդ ֆուտբոլիստների համար ճանապարհ հարթելով դեպի մեծ ֆուտբոլ: Միջոցների նման օպտիմիլացումը թույլ կտա բոլոր ուժերն ու ռեսուրսները ուղղել դեպի երիտասարդ տաղանդների զարգացում, «Նոա» Ակադեմիա, դեպի նոր առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ: Այսպիսով, մենք հիմք ենք դնում ակումբի երկարաժամկետ զարգացման համար: Սա նշանակում է, որ մոտ ապագայում բոլոր մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն: Մենք կվերադառնանք տիտղոսների, եվրագավաթների մասնակցության համար պայքարին, երբ դաստիարակենք նոր սերնդի տաղանդավոր տղաներ: Այս մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ: Վստահ ենք, որ դա տեղի կունենա ավելի վաղ, քան կարող եք ակնկալել»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք ճիշտ համարեցինք անկեղծորեն հայտարարել ընտրված զարգացման ճանապարհի փոփոխության մասին հենց հիմա՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ, որպեսզի ոչ մեկին մոլորության մեջ չգցենք և կանխենք նման դեպքերում անխուսափելի շահարկումները: Տրամաբանությունն ու առողջ դատողությունը, ինչպես նաև մի շարք գործոններ ստիպեցին մեզ փոխել վեկտորը: Վստահ ենք, որ նոր մոտեցմամբ ևս կկարողանանք կրկնել վերջին երկու տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունը: Ամենակարևորն այն է, որ մենք ուզում ենք կերտել ապագան», — նշել է «Նոա» ակումբի նախագահ Ռոման Գևորկյանը:

«Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Դմիտրի Գյունկոյին, նրա օգնականներ Նիկոլայ Տյունինին և Դմիտրի Կուդրյաշովին, ինչպես նաև թիմի անփոփոխ առաջատարներ Վլադիսլավ Կրյուչկովին, Վալերիո Վիմերկատիին, Վլադիմիր Ազարովին, Միխայիլ Կովալենկոյին, ինչպես նաև մեր հարգարժան մնացած խաղացողներին, որոնց հետ համագործակցությունը ավարտվել է՝ Էլիստանո Մանգա, Ալան Տատաև, Կիրիլ Բոր, Յուրի Գարեգինյան… Շնորհակալությու՛ն միասին աշխատելու համար: Դուք շատ բան եք արել ակումբի համար: Մաղթում ենք հաջողություն ձեր նոր ակումբներում: Այսպիսով, նոր էջ ենք բացում «Նոայի» պատմության մեջ»,- նշված է հայտարարությունում: