Ֆրանսիան վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ, Խորվաթիան ուժեղ գտնվեց Դանիայից (VIDEO)

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Ավստրիայի հավաքականին։ Հանդիպումը կայացել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։

Տանտերերի համար հանդիպումը հենց սկզբից չստացվեց. Նախ հանդիպման 23-րդ րոպեին Ժյուլ Կունդեն վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը (փոխարենը խաղադաշտ դուրս եկավ Ուիլյամ Սալիբան), իսկ ընդմիջմանը սրունքի հետ կապված խնդիրների պատճառով դարպասապահ Մայք Մենյանը չկարողացավ շարունակել խաղը: Երկրորդ խաղակեսում Ֆրանսիայի համար ամեն ինչ լավ ստացվեց: Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն։ 9 րոպե անց հարձակվող Օլիվյե Ժիրուն կարողացավ մեծացնել իր թիմի առավելությունը։ Հանդիպման վերջին րոպեները թելադրում էր Ֆրանսիան, որից հետո մրցավարի եզրափակիչ սուլիչը ազդարարեց թիմի հաղթանակը՝ 2:0:

Ազգերի լիգայի A խմբի մյուս խաղում Խորվաթիան 2-1 հաշվով հաղթեց Դանիային:

Խորվաթիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Բորնա Սոսան և Լովրո Մայերը: Դանիայի հավաքականի միակ գոլը խփեց Քրիստիան Էրիկսենը:

Այս թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվել է Խորվաթիայի հավաքականի հաղթանակով (1:0):