Հաքերը «Բավարիայի» կայքում խոցելիություն է հայտնաբերել և նվեր ստացել ակումբի կողմից

«Բավարիան» պարգևատրել է հաքերին՝ կայքում խոցելիություն հայտնաբերելու համար։

Բրազիլիայի Էսպիրիտո Սանտո նահանգից ԴանիելՄարտինսը մյունխենյան ակումբի կայքում խոցելի մասեր է հայտնաբերել, որոնք կարող են հանգեցնել օգտատերերի անունների և ֆինանսական տեղեկատվության արտահոսքի:  Մարտինսը «Բավարիային» է ուղարկել խոցելիության մասին զեկույց՝ կապված կայքի տեխնիկական մանրամասների և դրա ենթակառուցվածքի հետ:

«Քանի որ սա մի թիմ է, որով ես շատ եմ հիանում, և քանի որ անում եմ այն, ինչ անում եմ, որոշեցի ուսումնասիրել կայքը, որպեսզի ինչ-որ կերպ օգնեմ թիմին: Ես որոշակի հետազոտություն կատարեցի և գտա տեղեկատվության բացահայտման խոցելիություն:

Դա հիմնականում տեղի է ունենում, երբ վեբկայքը ակամա բացահայտում է իր օգտատերերի մասին զգայուն տեղեկատվություն: Կախված կոնտեքստից՝ կայքերը կարող են բոլոր տեսակի տեղեկություններ փոխանցել պոտենցիալ հարձակվողին:

Հենց հայտնաբերեցի անսարքությունը, անմիջապես, լուսադեմին, հաշվետվություն կազմեցի ու ուղարկեցի իրենց։ Նրանցից որոշ ժամանակ պահանջվեց ամեն ինչ շտկելու համար, և սկզբում նրանք նույնիսկ ինձ չպատասխանեցին:

Բայց Globo-ից մի լրագրող (Դանիել Մունդիմ) իմացավ այդ մասին և օգնեց ինձ կապ հաստատել նրանց հետ: Նրանք ուղղեցին ամեն ինչ և, որպես շնորհակալություն, ինձ մարզաշապիկ ուղարկեցին ակումբի գլխավոր կուռքի՝ Թոմաս Մյուլլերի ստորագրությամբ»,- ասել է հաքերը։