Նեյմարը ճանաչվել է Լիգա 1-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը երկրպագուների կողմից ճանաչվել է Լիգա 1-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող: Ինչպես հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը, բրազիլացուն հաջողվել է հավաքել ձայների 45%-ը։

Ամառվա վերջին ամսում Նեյմարը խփել է 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Հավակնորդների ցուցակում ընդգրկվել է նաև «Լանսի» հարձակվող Ֆլորիան Սոտոկան (հինգ գոլ և մեկ գոլային փոխանցում), ով ստացել է ձայների 30%-ը, ինչպես նաև բրազիլացու թիմակից, արգենտինացի Լիոնել Մեսսին՝ ձայների 20%-ով (երեք գոլ և չորս գոլային փոխանցում): Նեյմարը փարիզյան ակումբի կազմում իր կարիերայի ընթացքում միայն երրորդ անգամ է կարողացել նվաճել այս մրցանակը։ Նախկինում նա հաղթել էր 2017 թվականի դեկտեմբերին և 2020 թվականի հունվարին։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ Քրիստոֆ Գալտիեի սաները ութ հանդիպումից հետո ունեն 22 միավոր: