«Գալաթասարայը» կփորձի Բելոտիին խլել «Ռոմայից»

«Գալաթասարայը» կփորձի ձեռք բերել հարձակվող  Անդրեա Բելոտիին, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոման»։ Ինչպես տեղեկացնում է  իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, թուրքական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել մինչև 2025 թվականը՝ տարեկան 3,3 մլն․ եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ, բացի այդ պայմանագիրը ստորագրելու համար 1 մլն․ եվրո պարգևավճար տալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին Բելոտին «Ռոմայից» պատասխանի է  սպասում։ Ավելի վաղ ֆուտբոլիստը համաձայնեցրել էր ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները, սակայն հարձակվողի տեղափոխությունը հետաձգվում է «գայլերի»  ֆուտբոլիստ Էլդոր Շոմուրոդովի հետ կապված իրավիճակի պատճառով, որին իտալական ակումբը ցանկանում է վաճառել Բելոտիին ձեռք բերելուց առաջ:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի   ավարտից հետո Բելոտին ստացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, քանի որ «Տորինոն» չկարողացավ նրան համոզել երկարաձգել պայմանագիրը։ Բելոտին «Տորինոյում» էր հանդես գալիս 2015 թվականից ու մինչ այս  թիմի կազմում մասնակցել է 251 հանդիպման, որոնցում դարձել է 113 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։