Կոնտե. «Լուկակուն ԱՊԼ-ում խաղալու ներուժ ունի»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Չելսիից» վարձավճարով «Ինտեր» տեղափոխված Լուկակուի խաղային որակների մասին:

«Ռոմելուն երկու տարվա ընթացքում Միլանում թագավորում էր։ Երկրպագուները նրան կիրք էին փոխանցում, իսկ ես կարծում եմ՝ նրան դա հարկավոր էր։ Այդ պատճառով էլ Ռոմելուն ուզում էր վերադառնալ «Ինտեր», չնայած այս գործարքը «Չելսիին» շատ ձեռնտու էր։ Լուկակուն մեկ մրցաշրջան անցկացնելու է Իտալիայում վարձավճարով, բայց նա Անգլիական Պրեմիեր լիգայում խաղալու ներուժ ունի։ Ես գիտեմ, որ նա հիասթափված է, քանի որ չկարողացավ ինչպես հարկն է իրեն դրսևորել ԱՊԼ-ում։ Հիմա Ռոմելուին պետք է ևս մեկ անգամ հաստատվել ոչ պակաս ուժեղ թիմում, և վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Կոնտեն։

2021 թվականին «Ինտերից» տեղափոխվելով «Չելսի»՝ Ռոմելու Լուկակուն անգլիական թիմի կազմում մասնակցել է 26 խաղի ու դարձել 8 գոլի հեղինակ։ Բելգիացին այդպես էլ չկարողացավ հասնել այն արդյունավետությանը, որը ցուցադրում էր 2019-2021 թվականներին՝ խաղալով «Ինտերի» կազմում։