Մեսսիի գործոնը. «Պարի Սեն Ժերմենը» առաջին անգամ մեկ մրցաշրջանում 700 միլիոն եվրոյի եկամուտ է ունեցել

«Պարի Սեն Ժերմենի» սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին MARCA պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ Մեսսիի տրանսֆերը բավականին եկամտաբեր է եղել փարիզյան ակումբի համար։ Ահա թե ինչպես Մեսսին մեծ շահույթ կարողացավ ապահովել «Պարի Սեն Ժերմենի» համար։

Փարիզյան ակումբն իր ստեղծման օրից ի վեր երբեք այսքան մեծ եկամուտ չէր ունեցել մեկ մրցաշրջանում՝ 700 միլիոն եվրո։ Մբապեի պայմանագիրը թարմացնելուց հետո ակումբը մտադիր է ավելի մեծ եկամուտ ստանալ։ Մեսսին իր հետ փարիզյան թիմ բերեց տասը նոր հովանավորչական գործարքներ, ինչի հետևանքով թիմի եկամուտը աճեց 13 տոկոսով։ Արգենտինացու շնորհիվ ֆրանսիական ակումբի գործընկերների թվում հայտնվեցին Dior, Gorillas, Crypto, Autohero, GOAT, Smart Good Things, Infinity Sports Water, Geekvape, PlayBetR, Volt և Big Cola ընկերությունները։  Թիմի պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում վաճառվել է ավելի քան մեկ միլիոն մարզաշապիկ, որոնց 60 տոկսը եղել են Մեսսիի անունով։ Վաճառքի առաջին երեք ժամում Մեսսիի մարզաշապիկների վաճառքից ստացել են 933 հազար եվրո:

35-ամյա խաղացողի տեղափոխությունից հետո սոցիալական հարթակներում փարիզյան ակումբի հետևորդների թիվը կտրուկ աճեց և հատեց 150 միլիոնի շեմը։ «Պարի Սեն Ժերմենը» իր աստղային կազմի և Մեսսիի շնորհիվ առաջինն էր, որ TikTok-ում հատեց 20 միլիոնի շեմը։ Իսկ Instagram-ում Լեոյի գալուց հետո ակումբի հետևորդների թիվը 38,5 միլիոնից հասավ մինչև 60,9 միլիոնի՝ այսինքն գրեթե կրկնապատկվեց արգենտինացու գալուց հետո։ Մեսսիի ներկայությունը Փարիզում նաև զգալիորեն ավելացրեց խաղերի տոմսերի վաճառքը: