Ադամյանին փոխարինելու հետքերով. «Լիվերպուլի» նախկին հարձակվողը բուժզննում է անցել «Բրյուգեում»

«Բրյուգեն» փնտրում է նոր հարձակվողի, որը կփոխարինի թիմում վարձավճարով հանդես եկող Սարգիս Ադամյանին: Ըստ ամենայնի, հայ հարձակվողը, որը Բելգիայում է վարձակալական հիմունքներով, մոտ օրերս կվերադառնա գերմանական «Հոֆենհայմ»: «Վեսթ Բրոմվիչի» ներկա և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Էնդի Քերոլը գլխավոր հավակնորդներից մեկն է Սարգիսին փոխարինելու համար: Ըստ տեղեկությունների՝ անգլիացին արդեն իսկ բուժզննում է անցել, սակայն խնդրել է թիմին առայժմ ոչինչ չհայտարարել: Հավանական տեղափոխության մասին տեղյակ չեն եղել նույնիսկ թիմի ֆուտբոլիստները:  «Բրյուգեն» մեծ հույսեր չի կապում Քերոլի հետ՝ վերջինիս պարբերաբար կրկնվող վնասվածքների և ցածր արդյունավետության պատճառով:

Հաջորդ թեկնածուն անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Միլլիուոլ» ակումբի հարձակվող Բենիկ Աֆոբեն է, որը անցած մրցաշրջանում 12 գոլ է խփել տեղի առաջնությունում, ինչը 6-ով ավելի է Սարգիս Ադամյանի խփած գոլերի քանակից: Չնայած դրան, Սարգիսը ավելի արդյունավետ է անցկացրել մրցաշրջանը: Օրինակ՝ Ադամյանն իր գոլային պահերի 26%-ը վերածել է գոլի և միջինը մեկ խաղում խփել 0,72 գոլ։ Աֆոբեի ցուցանիշներն ավելի համեստ են՝ 18% օգտագործված հնարավորություններ և 0,33 գոլ 90 րոպեում: