«Ռեալի» առաջատար ֆուտբոլիստուհին սկանդալով հեռացել է ակումբից

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա ֆուտբոլիստի Կոսովարե Ասլանին քննադատել է իսպանական ակումբի վերաբերմունքը կանանց ֆուտբոլի նկատմամբ։

Ասլանիի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում էր 2021/2022 մրցաշրջանի վերջում։ Մոտ ապագայում նա կարող է միանալ «Միլանին»։ Աղջկա խոսքով՝ այժմ իր համար ամենակարևորը այլ ակումբ տեղափոխվելն է, քանի որ «սերուցքայինների» ճամբարում կանանց նկատմամբ վերաբերմունքն իրեն ընդհանրապես դուր չի գալիս։

«Շատ տարբեր գործոններ կային, թե ինչու ես հեռացա թիմից, չեմ ցանկանում մանրամասնել: Այնտեղ վտանգավոր մթնոլորտ է։ Ինձ ստիպեցին վնասվածքով խաղալ, և ոչ ոք չցանկացավ ինձ օգնել։ Մարզչական շտաբն ընդհանրապես չլսեց բուժաշխատողներին, ամեն ինչ կախված էր միայն նրանց որոշումից։ Իրականում, ոչ մեկի համար նշանակություն չունի՝ ինչ-որ բան ձեզ ցավեցնում է, թե ոչ։ Պարզապես պետք է խաղաս: Ինձնից առաջ ոչ ոք երբեք չէր խոսել այն մասին, թե ինչ է իրականում կատարվում»,- Ասլանիի խոսքերն է մեջբերում Sport Bladet-ը։

2021/2022 մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։