«Բարսայի» ֆուտբոլիստուհին ցուցադրել է արյունոտ խաղակոշիկներն ու վնասվածքը (PHOTO)

«Բարսելոնայի» և Նորվեգիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստուհի Կարոլին Գրեմ Հանսենը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի մեծ մասը ստիպված է եղել խաղալ ոտքի խորը կտրվածքով: «Լիոնից» կրած պարտությունից հետո նորվեգացի աստղը չի հանդիպել մամուլի ներկայացուցիչների հետ:

Հանսենը շատ վրդովվեց այս պարտությունից։ Հաջորդ օրը 27-ամյա ֆուտբոլիստուհին սոցցանցերից մեկում ներողություն է խնդրել երկրպագուներից։

Ավելի քան մեկ շաբաթ անց նա նաև կիսվել է իր մատների և արյունոտ խաղակոշիկի կտրվածքի լուսանկարներով: 27-ամյա ֆուտբոլիստուհին ասում է, որ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին խաղակեսում։

«Կտրվածքը բավականին խորն էր։ Հետո մի քանի կար դեցին, բայց, բարեբախտաբար, հիմա լավ եմ»,- ասել է Հանսենը NRK-ին տված հարցազրույցում: