«Վստահ չեմ, որ շուտով կրկին կխաղան եվրագավաթներում»․ Չեֆերինը՝ ռուսական թիմերի մասին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ վստահ չէ, որ ռուսական ակումբները  շուտով կրկին կկարողանան խաղալ եվրագավաթներում։

«Մենք բոլորս թերագնահատել ենք իրավիճակը նախորդ ամիսներին։  Երբ այդ ամենը սկսվեց, մենք կարծում էինք, որ դա կտևի մի քանի շաբաթ։ Այդ պատճառով հիմա դժվար է ենթադրել, թե ինչ տեղի կունենա։  Առայժմ ոչինչ չի կարելի ասել։ Ես վստահ չեմ, որ ռուսական ակումբները կկարողանան շուտով կրկին խաղալ եվրագավաթներում, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուկրաինական ակումբները կարողանան հանդես գալ։ Ես ցավում եմ ռուս ֆուտբոլիստների համար, որոնք այս հակամարտության կողմնակի զոհեր են դարձել»,- Չեֆերինի խոսքերն  է մեջբերում Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն որոշում էին կայացրել ռուսական բոլոր թիմերին և ակումբներին իրենց հովանո ներքո անցկացվող մրցաշարարերից հեռացնելու մասին, որից հետո ՌՖՄ-ն բողոքարկել էր այդ որոշումները CAS-ում, սակայն այն մնացել է անփոփոխ։