Ֆաբրեգասը հայտարարել է, որ ամռանը կհեռանա «Մոնակոյից»

«Արսենալի», «Բարսելոնայի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մոնակոն»։

35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը մրցաշրջանում վնասվածքների պատճառով ընդամենը հինգ խաղ է անցկացրել, այս ամառ ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը «Մոնակոյի» հետ։

«Իհարկե, իմ և «Մոնակոյի» միջև ամեն ինչ ավարտված է։ Պայմանագիրս ավարտվում է հունիսին, և ես ցանկանում եմ նորից սկսել: Ինձ պետք է նոր սկիզբ, բայց այլ տեղ։ Սա վատագույն տարին է ոչ միայն իմ կարիերայում, այլ նաև իմ կյանքում, քանի որ երբ ես երջանիկ չեմ ֆուտբոլում, երջանիկ չեմ նաև կյանքում։ Այս տարի շատ չարչարվեցի, և հոգեպես ծանր էր։ Այս տարին այնքան վատ էր, որ ես չեմ կարող դրանով կանգ առնել: Ես ցանկանում եմ շարունակել խաղալ»,- ասել է Ֆաբրեգասը So Foot-ին տված հարցազրույցում:

Ֆաբրեգասը «Մոնակոյի» խաղացող է 2019 թվականից, որի ընթացքում մասնակցել է 68 հանդիպման, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։