«Ես ոչնչացրեցի նրանց եզրափակչում». Պեպը՝ պատասխանել է Էվրային ու Բերբատովին

Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Պատրիս Էվրային ու Դիմիտար Բերբատովին:

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ասել էր, որ կատալոնացին չի կարող խաղացողներ պատրաստել, որոնք բնավորություն ունեն և նրան թիմում առաջատարներ պետք չեն։

Բերբատովը իր հերթին «Մանչեսթեր Սիթիին» համեմատել էր Չեմպիոնների լիգայից դուրս մնալու թույլ մտածելակերպ ունեցող փոքր թիմերի հետ։ Միաժամանակ, բուլղարացին ընդգծել էր, որ չարժե պարտության համար մեղադրել Գվարդիոլային։

«Բոլոր այս մասնագետները, նախկին խաղացողները, ինչպիսիք են Բերբատովը, Զեեդորֆը և Էվրան… Ես խաղացել եմ նրանց դեմ: Ես նրանց մեջ այդ բնավորությունը չնկատեցի, երբ ոչնչացրեցի նրանց, ես ու «Բարսելոնան» ոչնչացրինք նրանց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում։ «Ռեալի» հետ մեկ րոպեում երկու գոլ բաց թողեցինք, երբ երկու գոլ խփելու հնարավորություն ունեինք, բնավորության մասին չէ խոսքը։ Պրեմիեր լիգայի վերջին չորս հանդիպումներում մենք անհավանական բնավորությամբ 22 գոլ ենք խփել»,- ասել է Գվարդիոլան։

Գվարդիոլայի «Բարսելոնան» երկու անգամ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչներում՝ 2009 և 2011 թվականներին։ Երկու խաղերին Էվրան մասնակցել է, Բերբատովը մասնակցել է առաջինին: