Ալոնսոյի և Տուխելի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյի և գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ, հայտնում է Sports Illustrated-ը։

Հիշեցնենք, որ ընդմիջումից հետո Ալոնսոյին խաղադաշտում փոխարինեց կիսապաշտպան Սաուլ Նիգեսը։ Աղբյուրի համաձայն՝ փոխարինումը տեղի է ունեցել Ալոնսոյի և Տուխելի միջև հանդերձարանում ծագած կոնֆլիկտի պատճառով։ Հաղորդվում է, որ մարզիչն ու խաղացողը բարձր վիճել են, ինչից հետո Տուխելը որոշել է փոխարինել պաշտպանին։

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Չելսիի» խաղացող է դարձել 2016 թվականին՝ տեղափոխվելով «Ֆիորենտինայից»։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։