Կոնտեն տպավորված է Պաու Տորեսով և ցանկանում է նրան տեսնել «Տոտենհեմում»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տպավորված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի խաղով և ցանկանում է նրան տեսնել «Տոտենհեմի» կազմում։ Իտալացի մասնագետը վստահ է, որ կարող է օգնել իսպանացուն կարիերայում առաջընթաց գրանցելու հարցում, ուստի կարծում է, որ Տորեսը պետք է միանա իր գլխավորած թիմին։

Լոնդոնյան ակումբը վերջին մի քանի շաբաթների ընթացքում լրջորեն ուսումնասիրել է տրանսֆերային շուկան՝ կենտրոնական պաշտպանի գոտին ամրապնդելու համար և նրանց վերջնական որոշումը կանգ է առել Պաու Տորեսի վրա։ «Վիլյառեալը» իր հերթին դեմ չէ իր պաշտպանից բաժանվելու տարբերակին, սակայն նրա դիմաց ցանկանում է ստանալ առնվազն 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Դեղին սուզանավի» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։