Տեբասը արձագանքել է Պիկեի և Ռուբիալեսի բանակցությունների աուդիո ձայնագրություններին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է հրապարակված ձայնագրությունները, որոնք վկայում են այն մասին, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) համաձայնեցրել է Kosmos ընկերության հետ 24 մլն եվրո դիմաց Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի անցկացումը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ ընկերությունը պատկանում է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին:

«Ես չեմ լսել ձայնագրությունները։ Սա խնդիր է, որը ես չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի դեռ բոլոր ներգրավված կողմերն իրենց խոսքը չեն ասել: Նրանք պետք է ասեն՝ ձայնագրությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, այնտեղ ասվածը ճի՞շտ է։

Արդյո՞ք ճիշտ որոշում էր Սուպերգավաթը Իսպանիայից դուրս անցկացնելը։ Այո, իմ կարծիքով, դա ճիշտ է, մենք փորձեցինք դա անել, բայց մեզ թույլ չտվեցին։ Որպես գաղափար՝ ես դեմ չեմ, բայց ամբողջ ինտրիգը նրանում է, թե ով ինչքան է վարձատրվում… Մի քանի բանի հետ համաձայն չեմ։ «Օրինակ՝ փողի բաշխումը ակումբների միջև, որոնք «Ռեալ» կամ «Բարսելոնա» չեն, բայց ես կսպասեմ և կլսեմ աուդիո ձայնագրությունը՝ նախքան կարծիքս հայտնելը»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն: