«Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը կարող է նոր պայմանագիր ստորագրել նեապոլցիների հետ, հայտնում է «Football Italia» պարբերականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի միայն մեկ մրցաշրջանի համար, սակայն ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ նոր պայմանագրի համաձայն 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կնվազի մոտ երեք անգամ՝ տարեկան չորս միլիոն եվրոյից հասնելով մինչև մեկ կամ մեկուկեսի։
Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը 2013 թվականից մինչ օրս «Նապոլիի» կազմում անցկացրել է 391 հանդիպում, որոնցում հեղինակելով 145 գոլ դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։