Կլոպ. «Այս խաղը նման էր բռնցքամարտի, մեկ վայրկյան իջեցնում ես ձեռքերդ և ուժեղ հարված ստանում»

Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը համեմատել է բռնցքամարտի հետ։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը Պրեմիեր լիգայի 2:2 հաշվով ավարտված խաղից հետո կիսվել է հույզերով.

«Կարծում եմ, որ այս հանդիպումը նման էր բռնցքամարտի, մեկ վայրկյան իջեցնում ես ձեռքերդ և ուժեղ հարված ստանում: Ինձ շատ դուր եկավ։ Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ սկսվեց: Հիանալի հանդիպում էր: Այս արդյունքով մենք պետք է և կարող ենք ապրել։ Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, բայց որոշ պահերին մենք իսկապես լավ էինք գործում: Խաղի ինտենսիվությունը խելահեղ էր, ինձ դուր եկավ:

Ընդմիջմանը մեր գոլը ցույց տվեցինք ֆուտբոլիստներին, քանի որ լավ ֆուտբոլային պահ էր։ Եթե ​​մենք դա ավելի հաճախ անեինք, ավելի շատ շանսեր կունենայինք: Ես համոզված էի, որ կարող ենք հաղթել այս խաղում։

Պաշտպանությունում երբեմն շտապում էինք, քանի որ ճնշում էին գործադրում։ Այդ իրավիճակներում մենք կարող էինք ավելի լավ պաշտպանվել։ Երկրորդ խաղակեսը լարված անցավ, նրանց նույնպես դադարներ էին անհրաժեշտ։ Սա արժանի ոչ-ոքի է: Մենք ցանկանում էինք համոզվել, որ մրցակիցները նույնպես տեսնեն, թե որքան լավն են իմ խաղացողները»,- ասել է Կլոպը։