Արաուխոյին զայրացրել է «Բարսելոնայի» ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունը

«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն դժգոհ է այն հանգամանքից, որ ակումբը բանակցություններ է վարում երկու ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի։ Սակայն «Կապտանռնագույնները» արդեն ֆուտբոլիստին հայտնել են, որ չեն կարողանալու բարելավել պայմանագրի պայմանները, բայց միևնույն ժամանակ շատ ավելի շահավետ պայմանագրեր են ցանկանում կնքել «Չելսիի» ֆուտբոլիստներ Անդրես Քրիստենսենի և Անտոնիո Ռյուդիգերի հետ։ «90min» պարբերականի հաղորդմամբ՝ այս ամենը շատ է զայրացրել Արաուխոյին։

Հիշեցնենք, որ ուրուգվայցին բազմիցս նշել է, որ ցանկանում է ելույթները շարունակել կատալոնական ակումբում, սակայն ավելի լավ պայմաններով։