Պայմանագրի ժամկետը երկարաձգելու դեպքում Կուլիբալին կդառնա «Նապոլիի» նոր ավագը

«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին շարունակում է բանակցությունները ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ, հայտնում է լրագրող  Նիկոլ Շիրան։

Նեապոլցիները 30-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, առաջարկել են թարմացված նոր պայմանագիր։ Այն նախատեսված կլինի մինչև 2025 թվականը և առաջարկը ընդունելու դեպքում սենեգալցին 2022/23 մրցաշրջանից սկսած կդառնա «Նապոլիի» նոր ավագը։ Քննարկումները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում, ինչից հետո պարզ կլինի խաղացողի հետագա ճակատագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին նեապոլյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։