Տեբասը՝ Դեմբելեի, «Բարսելոնայի», ուլտրախմբերի և այլ հարցերի մասին

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակը։

Ֆրանսիացին երկու հանդիպում անընդմեջ դուրս մնաց «Բարսայի» հայտացուցակից այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը։

«Չեմ կարծում, որ «Բարսելոնան» սխալ բան է անում: Ես պետք է ավելին իմանամ, բայց «Բարսելոնան» լավ իրավաբաններ ունի: Չեմ կարծում, որ դա անօրինական բանի կհանգեցնի: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստի չմարզվելուն, դրա պատճառը եղել է գաստրոէնտերիտը»,- ասել է Տեբասը:

Լա լիգայի նախագահն անդրադարձել է նաև այլ հարցերի, մասնավորապես Իսպանիայի առաջնության ակումբների պրոֆեսիոնալ կառավարմանը: Տեբասը ասել է, որ կցանկանար, որ ֆուտբոլում ավելի շատ Ալեմանիներ լինեին։ Լա լիգայի նախագահը նաև խոսել է Մադրիդի «Ռեալի» ու «Ատլետիկ Բիլբաոյի» գավաթային հանդիպման մասին։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած ժամանակացույցը կարող է խանգարել ընտրական մրցաշարերին մասնակցող ֆուտբոլիստներին։ Լա լիգայի ղեկավարությունը կսպասի մինչև հինգշաբթի, որպեսզի պարզ լինի արդյոք «Ռեալի» խաղացողները կանցկացնեն  հանդիպումններ իրենց ազգային ընտրանիների կազմերում:

«Պետք է հաշվարկենք, թե երբ կլինեն CONMEBOL-ի վերջին հանդիպումները»,- ասել է Տեբասը: Նա նաև իր մտահոգությունն է հայտնել մարզադաշտերում կամ դրանց հարակից տարածքում կատարվող բռնությունների վերաբերյալ։

«Պետք է գործի անցնել: Բռնության շատ դեպքեր երբեմն չեն հայտնվում զանգվածային լրատվամիջոցներում: Այն ինչ տեղի է ունենում խաղերից առաջ և հետո, շատ ժամանակ մնում է անհայտ։ Ստիպված ենք լինելու վերահսկել ուլտրախմբերի գործողությունները։ Սրանք այնպիսի խմբեր են, որոնք վնասում են ոչ միայն իրենց, այլ նաև վնաս են հասցնում իսպանական ֆուտբոլի հեղինակությանը։ Այս ամենը մեզ մտահոգում է: Մտադիր ենք այս հարցի հետ կապված հանդիպել ակումբների ղեկավարների հետ»,- ասել է Տեբասը: