Պաշտոնանկ չեն անի Ռուսաստանին պարտվելու դեպքում. Շևչենկոյին խոստացել են

Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիան խոստացել է հունվարի 31-ին հրապարակել Լեհաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ Պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը շարունակում է մնալ «Ջենովայի» և Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն։

Ինչպես տեղեկացնում է Meta-ratings.com.ua-ն, Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Չեզարի Կուլեշան Անդրեյ Շևչենկոյին խոստացել է, որ նույնիսկ ԱԱ-2022-ի Ռուսաստանի դեմ ընտրական խաղում ձախողվելու դեպքում իրեն չեն ազատի ազգային հավաքականի մարզչի պաշտոնից։

Շևչենկոն արդեն համաձայնեցրել է պայմանագրի ժամկետը Լեհաստանի հավաքականի հետ։ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից բացակայելու դեպքում Անդրեյը կգլխավորի թիմը Ազգերի լիգայում։

Նշվում է, որ լեհական կողմը պատրաստ է բավարարել Շևչենկոյի ֆինանսական պահանջները։

Մարտի 24-ին Լեհաստանի հավաքականը փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ հանդիպում կանցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: