Մուդրիկի տրանսֆերի պատճառով ՈՒԵՖԱ-ն ցանկանում է սահմանափակումներ մտցնել

Ուկրաինացի Միխայիլ Մուդրիկը «Շախտյորից» 100 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Չելսի» ու կնքել 8.5 տարվա պայմանագիր։ Նման պայմանագրեր են կնքվել «Չելսիում» մի քանի այլ նորեկների հետ։

Ըստ The Times-ի՝ ՈՒԵՖԱ-ն նման համաձայնագրերը դիտարկում է որպես ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումները շրջանցելու փորձ։ Հավանականություն կա, որ ֆուտբոլային պաշտոնյաները կփորձեն Եվրոպայում խաղացողների հետ պայմանագրերի ժամկետը սահմանափակել հինգ մրցաշրջանով։

Դա պայմանավորված է նրանով, որ ձեռք բերված խաղացողների տրանսֆերային և բոնուսային վճարումները ակումբը կարող է բաժանել պայմանագրի ողջ ընթացքում, որպեսզի ծախսերը լուրջ ճնշում չգործադրեն ակումբի աշխատավարձերի վրա:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպական ակումբները դիմում են երկարաժամկետ պայմանագրերի մարտավարությանը. 2005 թվականին Լիոնել Մեսսին ինը տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։