Ռոնալդուն 2021-ի կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Ինչո՞ւ Կրիշտիանու Ռոնալդուն չտեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։

2021 թվականի ամռանը հաղորդվում էր, որ «քաղաքաբնակները» հետաքրքրված են հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցում, ով այդ ժամանակ խաղում էր «Յուվենտուսում»։ Սակայն ի վերջո պորտուգալացին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով El Mundo-ին, «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առարկություն չի ունեցել Ռոնալդուի տեղափոխության հետ։ Միաժամանակ, ակումբը պատրաստ էր պայմանագիր կնքել խաղացողի հետ միայն երկու հարձակվողի հեռանալու դեպքում։

Այդ ամառ «Սիթիից» հեռացավ Սերխիո Ագուերոն, ով տեղափոխվեց «Բարսելոնա»: Ռահիմ Ստերլինգը նույնպես մոտ էր կատալոնական ակումբ տեղափոխվելուն, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանագրի կետերի շուրջ։ Սա էր Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ձախողման պատճառը։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պորտուգալացին խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և տեղափոխվել սաուդյան «Ալ-Նասր»։