«Ֆերգյուսոնն անողոք էր». ինչպե՞ս է սըր Ալեքսն արձագանքել «Յունայթեդի» երկու խաղացողի՝ խնջույքի գնալուն

«Մանչեսթեր Յունայթեդը» չի հաղթում Անգլիայի Պրեմիեր լիգայում 2012/13 մրցաշրջանից հետո: Դա Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մրցաշրջանն էր թոշակի անցնելուց առաջ: Մինչ այդ «Կարմիր սատանաները» նրա գլխավորությամբ փառահեղ ճանապարհ էին անցել: Պատճառներից մեկը, որ Ֆերգին այդքան լավ մենեջեր էր, նրա անողոքությունն էր:

Սըր Ալեքսը մարզում էր լեգենդար ֆուտբոլիստների՝ Յապ Ստամ, Ռուուդ Վան Նիստելրոյ, Ռոյ Քին, Ուեյն Ռունի, Դևիդ Բեքհեմ… Բայց նրա համար հեղինակություններ չկային: Եթե որևէ մեկը խախտում էր կարգը, խաղից դուրս էր մնում: Նույնիսկ իր վերջին մրցաշրջանում Ֆերգյուսոնը հետ չէր կանգնում իր սկզբունքներից:

Մի անգամ Ֆերգյուսոնը հունից դուրս է եկել՝ պարզելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստ երեկույթի են գնացել այն բանից հետո, երբ թիմը պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»: Թիմը շարունակում էր 12 միավորի առավելություն ունենալ մրցաշարային աղյուսակում, սակայն դա Ֆերգյուսոնին չէր գոհացնում: Այդ միջադեպի մասին հիշողություններով կիսվել է Ռոբին վան Պերսին:

«Իմ առաջին մրցաշրջանն էր, 15 միավորի առավելություն ունեինք, բայց պարտվեցինք: Եթե հաղթեինք, տարբերությունը կլիներ 18 միավոր: Դեռ 12 միավոր ունեինք, մարզիչներից շատերը իրավիճակը չէին դրամատիզացնի: Բոսսը, ճիշտ հակառակը, ափերից դուրս էր եկել: Շատ թեժ էր: Այդ պարտությունից հետո տղաներից երկուսը գնացել էին երեկույթի: Հաջորդ օրը Ֆերգյուսոնը հանդերձարանում ցույց տվեց այդ երկուսի լուսանկարները խնջույքից և ասաց ողջ թիմին. «Լավ, տղաներ, եթե մենք պարտվենք առաջնությունը, իմացեք՝ այս երկու ապուշների պատճառով, որոնք որոշել էին խնջույքի գնալ:

Ես իսկապես չեմ կարող տալ այդ ֆուտբոլիստների անունները: Նա բազմաթիվ լուսանկարներ ուներ՝ ըստ ժամերի: Նա դրանով չսահմանափակվեց ու բոլորիս ասաց. «Լսեք, եթե մենք չհաղթենք առաջնությունը, ապա այն պատճառով, որ այս երկուսը որոշել էին գնալ զվարճանալու, նախքան գավաթը կպահեինք գլխավերևում: Նրանք դուրս են մնում թիմից»: Նա անողոք էր: «Ինձ չի հետաքրքրում՝ ով եք դուք, քանի մրցանակ եք հաղթել: Եթե դուրս գաք մինչև մրցաշրջանի ավարտ, կլքեք թիմը, ու ես կվաճառեմ ձեզ»: Այդ ելույթից հետո մենք գնացինք մարզվելու: Եվ դա իմ կյանքի ամենածանր մարզումն էր», — ասել է վան Պերսին SoFoot-ին: