Հրայր Մկոյան. «Մեզ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել, բայց նրանց հաղթել հնարավոր է»

Ազգերի Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։ Խաղից առաջ լրագրողների հարցերին պատասխանելու է ներկայացել Հրայր Մկոյանը։

«Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականները ուժեղ թիմեր են, որտեղ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Բայց մեր թիմն էլ պատրաստ է նրանց հետ խաղերին։

Մասնավորապես ուկրաինացիների հետ խաղում մենք ձգտելու ենք մեզ համար դրական արդյունքի հասնել։ Ունենք առաջադրանք պահպանել տեղը B լիգայում, և դա անելու համար թիմի ֆուտբոլիստները մարտական տրամադրվածությամբ են դուրս գալու խաղադաշտ։

Ուկրաինան ուժեղ թիմ է, բայց հաղթել նրանց հնարավոր է», — ասել է Մկոյանը։