Դմիտրի Գունկո. «Այս խաղում մեզ օգնեց համբերությունը»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին» (2:1):

Դմիտրի Գունկոն խոսել է իր թիմի հաղթանակից ու պատասխանել լրագրողների հարցերին:

«Մենք հստակ հասկանում էինք, որ մեզ ծանր խաղ է սպասվում նրանց հետ: Մանրակրկիտ ուսումնասիրել էինք մրցակցին, պատրաստվել էինք: Չնայած այն բանին, որ խաղում էինք, այսպես ասած, ոչ մեզ հատուկ ֆուտբոլ, դա այդպես էր պլանավորված», — ասաց Գունկոն:

Ինչի՞ հետ էր կապված նոր սխեման, «Փյունիկի՞»

«Այո, միանգամայն ճիշտ է: Դա կապված էր «Փյունիկի» հետ»:

Ձեր թիմը նախ կազմակերպված խաղաց պաշտպանությունում, և հետո՝ համբերությունը ձեզ հաջողություն բերեց: Համաձա՞յն եք:

«Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ: Հենց այս մասին էլ խոսում էինք: Ունեցանք պահեր ու օգտագործեցինք դրանք, և դրան օգնեց համբերությունը»:

Արսեն Բեգլարյանի բացակայության մասին

«Երբ նախորդ խաղի համեմատ փոխում ես դաշտի խաղացողի, դա աննկատ է լինում, իսկ երբ դարպասապահին ես փոխում, դա հարցեր է առաջացնում: Բայց դարպասապահն էլ է դաշտի խաղացող և ռոտացիայի, հանգստի իրավունք ունի: Մենք բոլոր ֆուտբոլիստներից ընտրում ենք նրան, ով կոնկրետ այդ պահին ավելի լավ մարզավիճակում է և համապատասխանում է կոնկրետ խաղի տակտիկային»: