«Ուրարտուն» ոչինչ չկարողացավ անել «Վանի» դեմ. Չարենցավանցիները հեռանում են 3 միավորով

VBET ՀՊԼ 3-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Վանին»: Խաղն ավարտվեց չարենցավանյան թիմի հաղթանակով: Հանդիպման միակ գոլն 10-րդ րոպեին խփեց Իպեյե Վիլյամսը:

Խաղի մեկնարկում «Ուրարտուն» բավականին նկատելի առավելություն ուներ։ Դաշտի տերերը շատ լավ վերահսկում էին գնդակը ու կոմբինացիոն խաղով ուղիներ փնտրում դեպի Սամուր Ագամագոմեդովի դարպասը։ Սակայն մեկնարկից 10 րոպե չանցած՝ «Ուրարտուն» հայտնվեց հետապնդողի դերում։ Իպեյ Ուիլյամսի առաջին հարվածը Արսեն Բեգլարյանը դժվարությամբ շեղեց անկյունային։ Սակայն ստանդարտի խաղարկումից հետո Ուիլյամսի հարվածն անկասելի էր։

Խփած գոլից հետո «Վանը» չէր էլ պատրաստվում փոխել խաղի պատկերը։ Հինգ պաշտպաններին օգնության էին հասնում միջին գծի խաղացողները։ Մի խոսքով, շեշտը դրված էր հակագրոհների վրա։ Բայց նույնիսկ «Վանի» հագեցած պաշտպանությունը «Ուրարտուն» կարողանում էր ճեղքել ու սպառնալիք ստեղծել հյուրերի դարպասին։ Խաղային ու տարածքային առավելությունը «Ուրարտուինն» էր։

Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտուն» արդեն չէր կարողանում հաղթահարել «Վանի» զանգվածային ու հստակ գործող պաշտպանությունը։ Իսկ հյուրերը արագ ու վտանգավոր հակագրոհելու առիթը ձեռքից բաց չէին թողնում։ Ու խաղակեսն ավարտվեց Գեղամ Հարությունյանի մկրատաձև ու գեղեցիկ հարվածով: Բայց հաշիվը մնաց նույնը՝ 0:1:

Երկրորդ կեսում խաղի ընթացքը չփոխվեց։ Խաղից մեկ ժամից ավելին անցել էր, «Ուրարտուն» առանց արդյունքի գրոհում էր, իսկ «Վանը» շարունակում էր խաղալ իր նախընտրած մարտավարությամբ։ Դաշտի տերերը շատ արագ անցնում էին խաղադաշտի միջին գիծը, մոտենում տուգանային հրապարակին, ու չգիտես ինչու սկսում էին կարճ փոխանցումներով շարունակել գրոհը, ինչը մեծամասամբ կասեցվում էր պաշտպանվող թիմի ֆուտբոլիստների կողմից։

Դմիտրի Գունկոն փոփոխությունների միջոցով փորձում էր բեկել խաղի ընթացքը։ «Վանի» տուգանային հրապարակում վտանգավոր պահեր առաջանում էին, բայց գոլը չկար։ 75-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում Վադիմ Պարամոնովը ստացավ երկրորդ դեղին քարտն ու լքեց խաղադաշտը։ «Ուրարտուի» գործը բարդացավ։ «Վանն» արդեն հաշվից բացի ստացավ նաև թվային առավելություն: Սակայն Ասոյանի թիմը շարունակում էր հիմնականում մտածել սեփական դարպասն անառիկ պահելու մասին։

Ամբողջ խաղը հյուրերն անցկացրին խաղային բարձր կարգապահությամբ՝ հենց այդ գործոնով գերազանցելով մրցակցին։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում «Վանը» կարող էր և կրկնապատկել հաշիվը, բայց դա տեղի չունեցավ։

Լուսանկարը՝ «Վանի» մամուլի ծառայության