««Շիրակը» բոլոր թիմերի հետ պայքար է մղելու հաղթանակի համար. թիմը մեծ ներուժ ունի». Էդգար Թորոսյան

VBET ՀՊԼ 3-րդ տուրում «Փյունիկից» կրած պարտությունից հետո (0:1), «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ամփոփել է խաղը ու պատասխանել լրագրողների հարցերին:

«Խաղը հենց սկզբից մի քիչ լավ չդասավորվեց մեզ համար: Նկատի ունեմ 2 հարկադրված փոփոխությունները: Առաջին կեսում բավականին լավ պաշտպանվեցինք, ունեցանք մի քանի լավ հակագրոհ, որը կարող էինք օգտագործել. պակասում էր կամ վերջին փոխանցումը, կամ վերջին հարվածը: Մի քիչ համագործակցության խնդիր կա. նոր ֆուտբոլիստներ, նոր թիմ է, մի քիչ ժամանակ է պետք:

Երկրորդ խաղակեսում մի պահ թերացանք պաշտպանության ժամանակ, ընդունեցինք գոլ: Վերջին 15-20 րոպեն փորձեցինք բարձր ու պրեսինգով խաղալ, ինչ-որ չափով ստացվեց, բայց չկարողացանք փրկել խաղը», — ասաց Էդգար Թորոսյանը:

— Առաջին խաղակեսում եղավ մի քանի դրվագ, երբ պոտենցիալ վտանգավոր պահն ավարտվում էր խաղից դուրս իրավիճակով: Դա ինչի՞ հետ էր կապված:

— Մեր ֆուտբոլիստները շտապում էին, թերանում: Ավելի շատ դրա հետ եմ կապում:

— Թիմի մոտ նկատվում էր նաև ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիր: Արդյոք նկատե՞լ եք դուք նման խնդիր և ինչի հետ եք դա կապում:

— Համամիտ չեմ տեսակետի հետ: Ուղղակի թիմն առանց գնդակի է խաղում: Մի քիչ ավելի շատ էներգիա ես այդ ժամանակ ծախսում: Մեզ սկզբում խանգարեց կազմի խորության խնդիրը: Եթե փոխարինումները կատարեինք երկրորդ խաղակեսում, այդ խնդիրը, ինձ թվում է, չէիք զգա:

— Արդեն 3-րդ խաղն է՝ թիմը շատ կազմակերպված պաշտպանություն ունի, բայց բոլոր գոլերի դրվագներում շատ անհասկանալի թերացումներ կան: Ինչի՞ հետ եք դա կապում:

— Սա Բարձրագույն խումբ է, այստեղ մի թերացման համար բարձրակարգ թիմը կարող է պատժել: Ինչպես եղավ այսօր: Թիմն ամբողջ խաղի ընթացքում կազմակերպված պաշտպանվեց, բայց եղավ մի թերացում, և գնդակ ընդունեցինք: Պետք է աշխատենք, հասցնենք հասնել նրան, որ թիմն ամբողջ ընթացքում կազմակերպված պաշտպանվի:

— Իսկ 3 խաղում ընդամենը 1 գոլ խփելն ինչի՞ հետ կկապեք:

— Սպասում ենք հարձակվողի: Կարծում ենք, որ դրա պակասն ունի թիմը: Երբ լրիվ կհամալրվենք, ինձ թվում է, այդ խնդիրը կլուծվի:

— Նշեցիք, որ նորեկի եք սպասում: Երբ «Շիրակը» լիարժեք կոմպլեկտավորվի, ի՞նչ ներուժ կունենա:

— «Շիրակը» բոլոր թիմերի հետ պայքար է մղելու հաղթանակի համար: «Շիրակը» մեծ ներուժ ունի: Մեզ ուղղակի մի քիչ ժամանակ է պետք: