«Ուրարտուն» չի կարողանում առավելությունը վերածել գոլի. 1-ին կեսից հետո «Վանը» հաղթում է

VBET ՀՊԼ 3-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալել է «Վանին»: Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում են 1:0 հաշվով: Միակ գոլը 8-րդ րոպեին խփել է Իպեյ Ուիլյամսը:

Խաղի մեկնարկում «Ուրարտուն» բավականին նկատելի առավելություն ուներ։ Դաշտի տերերը շատ լավ վերահսկում էին գնդակը ու կոմբինացիոն խաղով ուղիներ փնտրում դեպի Սամուր Ագամագոմեդովի դարպասը։ Սակայն մեկնարկից 10 րոպե չանցած՝ «Ուրարտուն» հայտնվեց հետապնդողի դերում։ Իպեյ Ուիլյամսի առաջին հարվածը Արսեն Բեգլարյանը դժվարությամբ շեղեց անկյունային։ Սակայն ստանդարտի խաղարկումից հետո Ուիլյամսի հարվածն անկասելի էր։

Խփած գոլից հետո «Վանը» չէր էլ պատրաստվում փոխել խաղի պատկերը։ Հինգ պաշտպաններին օգնության էին հասնում միջին գծի խաղացողները։ Մի խոսքով, շեշտը դրված էր հակագրոհների վրա։ Բայց նույնիսկ «Վանի» հագեցած պաշտպանությունը «Ուրարտուն» կարողանում էր ճեղքել ու սպառնալիք ստեղծել հյուրերի դարպասին։ Խաղային ու տարածքային առավելությունը «Ուրարտուինն» էր։

Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտուն» արդեն չէր կարողանում հաղթահարել «Վանի» զանգվածային ու հստակ գործող պաշտպանությունը։ Իսկ հյուրերը արագ ու վտանգավոր հակագրոհելու առիթը ձեռքից բաց չէին թողնում։ Ու խաղակեսն ավարտվեց Գեղամ Հարությունյանի մկրատաձև ու գեղեցիկ հարվածով: Բայց հաշիվը մնաց նույնը՝ 0:1: