«Անցած տարի էլ «Ալաշկերտի» խաղերը չհետաձգեիք». Մելիքյանը զայրացած է ՀՖՖ-ի որոշումից

Առաջնության մեկնարկային տուրում «Փյունիկը» նվազագույն հաշվով զիջեց «Արարատին»: Իսկ օգոստոսի 3-ին թիմն արտագնա հանդիպում է անցկացնելու «Ցրվենա Զվեզդայի» հետ ՉԼ որակավորման 3-րդ փուլում:

«Արարատից» կրած պարտությունից հետո Եղիշե Մելիքյանը հանդիպել է լրագրողներին:

«Խաղի մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ իրավիճակի մասին խոսել ավելի շատ, որովհետև շատ ջղայնացած եմ», — այսպես է սկսել իր ասուլիսը մարզիչը:

— Առաջին հերթին շնորհավորում եմ Երևանի «Արարատին»: Արժանի էին, հաղթեցին: Տղաներն աշխատեցին ու իրենց 3 միավորը վերցրին: «Արարատն» այս հարցի հետ կապ չունի: Հարցն այն է, որ մենք բոլորս ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցենք, որ հայկական ֆուտբոլի մասին մտածում ենք: Մենք խնդրել էինք, որ այս խաղը չլիներ, որովհետև մենք ի վիճակի չէինք այս խաղին մասնակցելու. ամսի 3-ին կարևոր հանդիպում ունենք: Մեր հարցը դրեցին այնպես, որ խաղը պետք է կայանա, քանի որ իրենք այդպես են ցանկանում: Չգիտեմ՝ ինչու էին ուզում: Եթե այդպես որոշող էիք, անցած տարի «Ալաշկերտի» 4 խաղերն էլ չհետաձգեիք: «Ալաշկերտն» էր ներկայացնում հայկական ֆուտբոլը Եվրոպայում, մենք էլ այս տարի ենք ներկայացնում: Այդ ջոկողություններից շատ եմ նեղվում:

«Մենք այդպես ենք որոշել»…Ինչի՞ համար, հեռարձակում էիք արդեն… չգիտեմ… Հ1-ն էլ մեր դրության մեջ կմտներ, բոլորն էլ մեր դրության մեջ կմտնեին, եթե այս խաղը չկայանար: Հիմա, հայկական ֆուտբոլի մասին մտածող ժողովո՛ւրդ, ովքեր որ այսպիսի որոշում են կայացրել, ո՞նց են սրա տակից դուրս գալու: Նեգատիվը մինչև ամսի 3-ն իմ հանդերձարանում է լինելու՝ մեկ, երկու լուրջ վնասվածք եղավ, որոնք չեն մասնակցի այդ խաղին՝ երկուս:

Ներքին խոհանոցի շատ հարցեր հիմա կարող եմ բարձրացնել, չեմ ուզում: Մտածում եք, բա մտածեք, օգնեք մեզ: Հայկական ֆուտբոլը ներկայացնող ակումբ ենք, այսքան առաջ ենք եկել: 3-րդ փուլ, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչքան դժվար է լինելու մեզ համար: Մեր շանսերը շատ քիչ են: Գոնե ամեն մեկդ մի բանով օգնեք մեզ, որ մենք կարողանանք պատիվը բարձր պահել: 4 օր է մնացել, հիմա սրա տակից ես ո՞նց եմ դուրս գալու: Դուրս կգանք, մենք ուժեղ ենք, մենք ոգի ունենք, հարցը դա չէ: Ինչո՞ւ եք մեզ համար արհեստական խնդիրներ ստեղծում: Խնդրել էինք: Մեծ բան չէինք ուզել, խնդրել էինք, որ այս խաղը չկայանար, կենտրոնանայինք մեր հիմնական հարցերը լուծելուն, հետո կվերադառնայինք, կխաղայինք «Արարատի» հետ, ամբողջ աշունը առջևում է, մի տեղ կհարմարացնեինք, կխաղայինք: Շատ եմ ջղայնացած», — ասաց Մելիքյանը:

— Մրցակիցը դեմ չէ՞ր, «Արարատը» կո՞ղմ էր, որ խաղը հետաձգվեր:

— «Արարատին» պետք է չնայենք: Նրանք իրենց շահը պետք է պահեին: Սա իրենց համար օգտակար իրավիճակ էր, ինչո՞ւ պետք է համաձայնեին: Իրենք իրավունք ունեն չհամաձայնելու, որովհետև կարող են պահը ճիշտ օգտագործել ու 3 միավոր տանել: Ամեն ակումբ պետք է իր շահը հետապնդի: Ընդհանրապես մեղադրելու չէ: Այստեղ Ֆեդերացիան պետք է ասեր. «Եկեք մեկս մյուսին օգնենք»: Սա է հարցը: Լոգիկան որն էր այսպես որոշելու: Ես այդքան չեմ ափսոսում կորցրած 3 միավորը: Մենք այդքան դուխ ունենք, որ վերադարձնենք կորցրածը: Հարցը նեգատիվն է: Մենք այս տարի չէինք պարտվել: Ես չէի ուզի այս խաղից առաջ այս նեգատիվը լիներ: Եթե մտածում եք՝ «Դյուդելանժի» հետ խաղում մենք պարտվել ենք, առաջին խաղում գրանցված 0:1-ը ես պարտություն չեմ համարում, քանի որ մենք նրանց անցանք: Մենք այսօր պարտվեցինք առաջին անգամ: Կամ մարդկանց պետք էր այսպես՝ խանգարել, նեգատիվ մտցնել, կամ էլ կան մարդիկ, ովքեր մտածում են հայկական ֆուտբոլի մասին, մարդիկ էլ կան՝ չեն մտածում: Աստված չանի՝ մենք պարտվենք, բոլորը սկսելու են խոսել: Տեսնում ենք ձեր որոշումները, մենք էլ տեսնում ենք մեր գործը, — շարունակել է Մելիքյանը: