16 խաղ, 16 հաղթանակ, 130 գոլ. «Հայասան» ստացավ չեմպիոնական գավաթը

Կանանց Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում Գյումրին ներկայացնող «Հայասան» Սենիկ Առաքելյանի գլխավորությամբ սեփական հարկի տակ 20 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը:

Վերջին խաղից հետո նորընծա չեմպիոնները ստացան չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները:

«Հայասան» վաղուց ապահովել էր իր տեղն առաջին հորիզոնականում եւ երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն: Անցկացրած 16 խաղում «Հայասան» խփել է 130, բաց է թողել ընդամենը 3 գոլ՝ վաստակելով 48 միավոր: «Հայասան» կրկին ներկայացնելու է Հայատանը կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստում քննության էր առնվել ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչը հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2022/2023թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երեք ակումբներն էլ՝ «Ուրարտու» ՖԱ-ն, «Հայասա» ՖԱ-ն և «Նորավանք» ՍԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։

Հիշեցնենք, որ անցած տարի «Հայասան» իր նորամուտն էր նշել կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Թիմն անցկացրեց երկու հանդիպում՝ մրցելով բելգիական  «Անդերլեխտի» (3:0) եւ Մոնտենեգրոյի «Բրեզնիցայի» հետ (3:2):

«Հայասայի» ֆուտբոլիստուհի Կարինե Եղյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստուհին, որին հաջողվեց գոլի հեղինակ դառնալ Կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, այն էլ հայկական թիմի կազմում։ Եղյանը ձևակերպեց դուբլ՝ դա անելով 17 տարեկան 328 օրական հասակում: