«Լեռնային Արցախը» հաղթեց Առաջին խմբում. նորընծա չեմպիոններին կդիմավորեն Ստեփանակերտում (VIDEO)

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում այսօր՝ մայիսի 9-ին, «Լեռնային Արցախը» Սիսիանում 4-1 հաշվով հաղթեց «Գանձասարին» և առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը։

Այս հաղթանակից հետո «Լեռնային Արցախը» հավաքեց 69 միավոր։ Մոտակա հետապնդող «Շիրակն» այս տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ մայիսի 10-ին։ Միմյանց միջև խաղերի վիճակագրությունը թույլ է տալիս, որ արդեն այս հաղթանակից հետո Ստեփանակերտի թիմը ամրագրի չեմպիոնությունը։

Արդեն այս երեկո՝ 21:00-ին, Ստեփանակերտի Կենտրոնական մարզադաշտում տոնախմբությամբ կդիմավորեն նորընծա չեմպիոններին։ Այս մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղթանակից հետո թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսյան եռատոնի ու չեմպիոնության առթիվ։

  • Ի սրտե շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին մայիսի 9-ի եռատոնի առթիվ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է։ Տոն, որը խորհրդանշում է հաղթանակ, հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն։ Տոն, որը կապում է անցյալը ներկային և ուղենիշ է ապագայի համար։ Հաղթանակները հիրավի վաղեմության ժամկետ չունեն։ Հիշենք և մեծարենք այդ հաղթանակները կերտողներին՝ ազգի նվիրյալներին։ Այսօր այս հիշարժան օրը գրանցվել է նաև մի նոր հաղթանակ Արցախի պատմությունում: «Լեռնային Արցախը» հռչակվել է Առաջին խմբի չեմպիոն: Դա մեր բոլորիս հաղթանակն է : Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, թիմի մարզիչներին, աշխատողներին, պետության ղեկավարներներին ու ողջ Արցախին,-ասել է Արտաշես Ադամյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն մերժել է «Լեռնային Արցախին» Ազգային արտոնագիր շնորհելու հայտը, ինչը նշանակում է, որ նորընծա չեմպիոնը չի կարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանին։

Ակումբի նախագահ Մհեր Ավանեսյանն ավելի վաղ Football365.am-ին հայտնել էր, որ նամակ-առաջարկ են ուղարկել ՀՖՖ՝ խնդրելով ընդառաջել «Լեռնային Արցախին»։