«Բախտը մեզնից երես է թեքել, նստարանն էլ կարճ է». Էդգար Թորոսյանը՝ «Փյունիկի» հետ խաղից հետո

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Փյունիկից» կրած պարտությունից հետո տպավորություններով է կիսվել «Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը:

«Լավ խաղ ստացվեց, հավասար պայքար էր գնում: Թե թիմային պաշտպանությունը, թե հարձակումը լավ էր գործում: Առաջին գոլը բաց թողեցինք, կենտրոնացվածության պակաս կար, պարտադիր չէր: Երկրորդ գոլի ժամանակ տղաները վայր ընկան, իսկ դրվագը որոշեց խաղի ելքը:

Տղաներից շատ գոհ եմ: Կատարած աշխատանքից, պայքարից: Ամեն ինչ տվեցինք դաշտում: Խաղի որակը ինձ գոհացրեց: Ինչ վերաբերում է աղյուսակին, ապա դժվար է մեզ համար: Դրան գումարած կորուստներ ունենք, այսօր կարմիր քարտ եղավ (Ռոբերտ Դարբինյան): Հրայր Մկոյանը դեղինների պատճառով հաջորդ խաղին չի մասնակցի: Բախտը մեզնից երես է թեքել, նստարանն էլ կարճ է: Փորձելու ենք ամեն ինչ անել: Դժվար իրավիճակում ենք, բայց չենք հանձնվելու»,- ասաց Էդգար Թորոսյանը: