SMM. Ի՞նչ օրի են հայկական ակումբների Facebook-յան էջերը (ՄԱՍ 1)

Հիշո՞ւմ եք՝ մոտ 4 տարի առաջ, չնայած ամեն տուրում խաղադաշտում գրանցվող տխուր արդյունքներին, Ֆեյսբուքում ինչ ֆուռոր էր առաջացնում «Երևան» ակումբի պաշտոնական էջը: Ակումբի մամուլի խոսնակը, որը նաև զբաղվում էր SMM-ով, ամեն անգամ աչքի էր ընկնում կրեատիվությամբ:

Գաղտնիք չէ, որ այս ժամանակշրջանում սոցիալական ցանցերը բոլորիս առօրյայի զգալի մասն են զբաղեցնում ու վաղուց դարձել են ամենամատչելի կապուղին գրեթե ամեն հարցում: Թե մենք ինչպես կվերաբերվենք այս կամ այն ակումբին, հաճախ որոշվում է նաև նրանով, թե ինչպես են ակումբները ներկայացված սոցցանցերում:

Այնպես որ, այս անգամ որոշեցինք մի քիչ «շեղվել» սպորտային բաղադրիչից ու ՀՊԼ-ի մեր ակումբներին խոշորացույցի տակ առնել վերջին շրջանում մեծ մասսայականություն վայելող մի տերմի տեսանկյունից՝ SMM:

Այսպես, կփորձենք «շրջայց» կատարել մեր ակումբների ֆեյսբուքյան էջերում և հասկանալ՝ որքանով են լավ ու ակտիվ կիրառում այս կարևոր գործիքը: Այս անգամ խոշորացույցի տակ են առաջատար հնգյակի թիմերը:

«Ուրարտու» 

Այս ակումբի ֆեյսբուքյան էջը բացվել է 2011-ի մայիսին, երբ Ցուկերբերգի ստեղծած սոցիալական կայքը Հայաստանում դեռ լայն տարածում չուներ: Էջն ունի 21 հազարից ավելի հավանում և 22 հազարից ավելի հետևորդ:

Ֆեյսբուքի համար «Ուրարտուն» ունի իր հստակ ընդգծված աշխատանքային ձեռագիրը, որից էջը չի շեղվում: Էջը բավականին ակտիվ է և օպերատիվ: Ի դեպ, «Ուրարտուն» հայկական այն քիչ ակումբներից է, որը մինչ օրս ունի պաշտոնական կայք և զուգահեռաբար ակտիվ է պահում նաև կայքը և հաճախակի կիսվում հղումներով: «Ուրարտուի» էջում հավասարապես ուշադրության կենտրոնում են բոլոր տարիքային թիմերը, ակումբի գործունեությունը, հանդիպումները, տրանսֆերները:

SMM-ի գնահատականը՝ 10/10

«Արարատ-Արմենիա»

Այս ակումբից սպասելիքները բոլոր բաղադրիչներում միշտ ավելին են: Այդպես հենց իրենք են «սովորեցրել»: Իհարկե, սա չի նշանակում, թե այն, ինչ ստանում ենք «Արարատ-Արմենիայից», վատ է կամ թերի: Պարզապես, կարող էին և ավելին: «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջը ևս գործում է շատ ակտիվ, օպերատիվ, այստեղ ևս նկատելի է ընդգծված ձեռագիր: Բայց այդ ձեռագիրը մեկ բառով կարելի է անվանել պաշտոնական-մինիմալիստական:

Էջը ստեղծվել է 2018-ի հունիսին: Այժմ ունի 18 հազարից ավելի հավանում և հետևորդ:

SMM-ի գնահատականը՝ 10/10

«Փյունիկ»

Այս ակումբը վերջին տարիներին բավականին ակտիվացել է սոցցանցերում և դա անում է շատ գրագետ: Կոնտենտի բազմազանություն, օպեարտիվություն, կրեատիվություն, friendly հարաբերություններ երկրպագուների և մեդիայի հետ:

Առաջնության ընթացքում «Փյունիկի» էջում խաղից առաջ ժամանակին հրապարակվում է թիմի մեկնարկային կազմը, սակայն խաղային լուսանկարների հրապարակումն օպերատիվ չի իրականացվում:

«Փյունիկի» էջը ստեղծվել է 2013 թվականի հունվարին՝ ուղիղ 10 տարի առաջ: Եվ այս տարիների ընթացքում էջի շուրջ հավաքվել է ավելի քան 21 հազար օգտատեր:

SMM-ի գնահատականը՝ 10/10

«Ալաշկերտ»

«Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջում փորձում են, ջանում են: Ստացվում է այն, ինչ ստացվում է: Փորձառու գրաֆիկ դիզայները չէր խանգարի: Էջը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերին և այս 9 տարիներին հավաքել է ընդամենը 10 հազարից ավելի հավանում ու 11 հազարից ավելի հետևորդ: Ընթացիկ տրանսֆերային պատուհանում «Ալաշկերտում» փորձում են տարբերվող ու կրեատիվ լուծումներով հայտնել նորեկների մասին: Մասնավորապես, Ուրոշ Նենադովիչի վերադարձը հայտարարվեց «խաղի» միջոցով: Սա, իհարկե, ավելացրեց էջի ներգրավվածությունը (engagement):

Առաջնության ընթացքում «Ալաշկերտի» էջի բացասական կողմերից մեկը մեկնարկային կազմերի բավականին ուշ հրապարակումն է:

SMM-ի գնահատականը՝ 8/10

«Վան»

Այս ակումբի ֆեյսբուքյան էջում կամ, եթե կուզեք, SMM թիմում վերջին օրերին ինչ-որ ակնհայտ փոփոխություն է կատարվել: Գրառումներն էջում արվում են երկլեզու՝ անգլերեն ու հայերեն, ընդ որում՝ սկզբում անգլերենն է, հետո՝ հայերենը: Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ դեռևս չենք խոսի էջի ձեռագրից: Պարզապես մի նկատառում՝ առաջին տեղում ցանկալի է տեսնել հայերենը:

Էջը ստեղծվել է 2019-ի մայիսին, ունի 5 հազարից ավելի հավանում և հետևորդ:

Առաջնության ընթացքում էջը ակտիվ է, հրապարակվում են նախախաղային ու ընթացիկ լուսանկարներ, երբեմն տեղադրվում են նաև գոլերի տեսանյութերը:

SMM գնահատականը՝ 8/10